ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային ներկայացրել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ, հայտնում է ամերիկյան Axios գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Այս նախագծում, ինչպես նշում են աղբյուրները, հաշվի են առնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «որոշ մտահոգություններ»։ Մասնավորապես, փաստաթղթից հանվել են այն դրույթները, որոնք անհանգստացրել են ուկրաինացիներին, օրինակ, որ համաձայնագիրը դրվելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո։ «Վերջին նախագիծը զգալի դրական փոփոխությունների է ենթարկվել եւ համապատասխանում է Ուկրաինայի օրենսդրությանը»,- ասել է Axios գործակալության աղբյուրը։
Թե՛ ամերիկյան եւ թե՛ ուկրաինական կողմի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ համաձայնագրի ստորագրումը գնալով «ավելի հավանական է դառնում»:
Ավելին, զրուցակիցների մեկի խոսքերով, Զելենսկու խորհրդականներից մի քանիսը նրան հորդորել են ստորագրել նորացված համաձայնագիրը՝ Թրամփի հետ հետագա տարաձայնություններից խուսափելու համար։
Սպիտակ տունը եւ Զելենսկու գրասենյակը չեն պատասխանել տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին։
Փետրվարի սկզբին Վլադիմիր Զելենսկին հրաժարվեց համաձայնագիրը ստորագրելուց, որով Միացյալ Նահանգներին պետք է տրամադրվեր Ուկրաինայի օգտակար հանածոների արդյունահանումից եւ վաճառքից ստացված եկամուտների 50%-ը։ Փաստաթուղթը նախատեսում էր նաեւ, որ համաձայնագիրը լինելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո եւ գերակայություն է ունենալու Ուկրաինայի այլ առեւտրային համաձայնագրերի նկատմամբ։
ԱՄՆ-ը համաձայնագիրը ստորագրելու առաջարկը առաջին անգամ ներկայացրել է փետրվարի 12-ին, երբ Կիեւ էր այցելել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Բեսենտը ընդգծել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ համաձայնագիրը անհապաղ ստորագրվի։ Ի պատասխան՝ Զելենսկին նշել է, որ չի կարող ստորագրել հենց նոր ստացած համաձայնագիրը, գրում է Axios-ը։
Բացի այդ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում՝ փետրվարի 14-ին, Վաշինգտոնը Կիեւին առաջարկել է ստորագրել փոխըմբռնման հուշագիր։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել էր, որ չի կարող ստորագրել նման համաձայնագիր, քանի որ այն պետք է հաստատվի Ուկրաինայի խորհրդարանի կողմից:
Երբ Վլադիմիր Զելենսկին հրաժարվեց հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց, Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատեց Ուկրաինայի նախագահին։ Նա Զելենսկուն անվանել է «բռնապետ առանց ընտրությունների», պահանջել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, ինչպես նաեւ հայտարարել, որ ուկրաինացիները «կոպիտ են վարվել» ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ, երբ նա փետրվարի 12-ին այցելել էր Կիեւ։