Գյումրիում նախընտրական թեժ իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ: Թեև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց հետաքրքիր զարգացումների պակաս չկա: Ըստ նախնական կանխատեսումների՝ շուրջ 15 կուսակցություններ են պայքարելու հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը ստանձնելու համար:
Պարզ հաշվարկով, եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ առաջադրի 50-60 ավագանու հավակնորդի, թեկնածուների թիվը այս փոքր քաղաքում կհասնի 1000-ի:
Երեկ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը առցանց հարթակից իրենց անզիջում պայքարը տեղափոխել են իրական դաշտ: Մինչ այդ բոլորն իրար հիշեցնում են միմյանց անցյալը, վստահեցնում, որ գյումրեցիները ճանաչում են թեկնածուներին եւ քվե չեն տա:
Քաղաքական կրքերն ավելի թեժացան, երբ իր տան մոտից քաշքշոցով, հարայ-հրոցով բերման ենթարկեցին Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող՝ նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին:
Բերման ենթարկելու պատճառը Ղուկասյանի ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքն էր, որը, սակայն, ժամեր անց հերքվեց, եւ նախկին քաղաքապետին բաց թողեցին:
Քաղաքապետի թեկնածուները շտապեցին հայտարարություններով հանդես գալ, թե անկախ իրենց վերաբերմունքից՝ դատապարտում են Վարդան Ղուկասյանի նկատմամբ բռնաճնշումները ընտրություններից առաջ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու փաստը միանշանակ չընդունվեց հանրության տարբեր թեւերի կողմից: Ոմանք ստանձնեցին նախկին քաղաքապետի պաշտպանի դերը, ոմանք էլ, թե՝ շոու է՝ ընդդիմադիրների ձայները վերցնելու եւ իշխանությանը միանալու համար:
Ընտրապայքարի մեջ մտած մեկ այլ քաղաքական ուժի՝ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը եւս իր անվանակցին մեղադրեց շուուի մաս կազմելու համար, հորդորեց, որ նման խաղեր չխաղա եւ չխաբի ժողովրդին:
Արդյո՞ք բեմադրություն էր Գյումրիում տեղի ունեցածը, թե՞, իրոք, իշխանությունը ընդդիմադիր թեկնածուին ճնշելու եւ վախեցնելու նպատակ ունի, պարզ կլինի ընտրություններից հետո միայն:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։