Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները վերջին ամիսներին ուկրաինական պատերազմի շուրջ ոչ պաշտոնական գաղտնի բանակցություններ են վարել Շվեյցարիայում։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հանդիպումների մասնակիցների թվում եղել են դիվանագիտության եւ անվտանգության ոլորտի փորձ ունեցող անձինք, որոնք պետական պաշտոնյաներ չեն եղել, եւ պարզ չէ, թե արդյոք նրանք ուղարկվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ կառավարությունների կողմից, գրում է Reuters-ը։
Մասնակիցների անունները չեն հաղորդվում։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թրամփի խորհրդականներից մի քանիսն են տեղեկացված եղել Շվեյցարիայի հանդիպումների մասին։
Հանդիպումների հետ կապված շատ մանրամասներ մնում են անհասկանալի, այդ թվում, թե կոնկրետ ինչ է քննարկվել դրանց ընթացքում, մասնակցել են արդյոք ուկրաինացիները, եւ երբ են սկսվել այս բանակցությունները։
Հայտնի է, որ հանդիպումների մի մասը տեղի է ունեցել ԱՄՆ-ի անցումային շրջանում, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը հաղթել էր նախագահական ընտրություններում, բայց դեռ չէր ստանձնել պաշտոնը։ Վերջին հանդիպումներից մեկը կայացել էր Ժնեւում փետրվարի 14-16-ին՝ Գերմանիայում կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի հետ միաժամանակ։
Գործակալության զրուցակիցները Շվեյցարիայի հանդիպումները որակել են որպես «բանակցությունների կողմնակի խողովակ»։ Աղբյուրներից մեկը ենթադրում է, որ այս բանակցությունները կարող են կորցնել իրենց ակտուալությունը, քանի որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պաշտոնական շփումներ են հաստատել:
Սպիտակ տունը, ՌԴ ԱԳՆ-ն եւ Ուկրաինայի կառավարությունը չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանություններին։
Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները կայացան փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորումը։