Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառում, որ առողջական խնդիրների պատճառով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել պապական աթոռից, ինչպես դա արել էր իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը։ Այս մասին նա ասել է Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ֆրենսիսը կարող է նման որոշում կայացնել։
«Եթե նա դժվարություն ունենա իր պապական պարտականությունները կատարելու մեջ, նա կկատարի իր ընտրությունը։ Կարծում եմ նա կարող է հրաժարականի մասին որոշում կայացնել։ Որոշումն իրենն է, վերջին խոսքը իրենն է։ Գուցե խորհուրդ խնդրի, բայց որոշումը անձամբ է կայացնելու՝ հանգիստ խղճով»,- ասել է Ռավազին։
Կարդինալը հավելել է, որ Հռոմի պապը ցանկանում է անցկացնել քրիստոնեության հոբելյանական տարին, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ից։ Այն կտեւի մինչեւ 2026 թվականի հունվարի 6-ը։
88-ամյա Ֆրենսիսը փետրվարի 14-ից հիվանդանոցում է՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ։
Լրատվամիջոցներում քիչ չեն Պապի մոտալուտ մահվան մասին ենթադրությունները, ինչը տարբեր շահարկումների տեղիք է տալիս սպասվող կոնկլավի (նոր Պապի ընտրության համար կարդինալների փակ հավաքը) վերաբերյալ։ Չի բացառվել նաեւ պապական աթոռից հրաժարումը։ Սա հատկապես այն պարագայում, երբ Ֆրանցիսկոսը բազմիցս է հայտարարել, որ 2013-ին աթոռից հրաժարված Բենեդիկտոս XVI-ը, որը 600 տարվա մեջ դարձել է նման որոշում կայացրած առաջին պոնտիֆիկոսը, «ճանապարհ է բացել իրավահաջորդների համար»։ Պապը նույնիսկ հայտարարել է, որ ստորագրել է աթոռից հրաժարվելու մասին փաստաթուղթ, որն իրավական ուժ կունենա, երբ ինքը կորցնի գործելու կարողությունը։
Ֆրանցիսկոս պապի առողջության մասին որոշ հուսադրող խոսքեր է հնչեցրել Իտալացի եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, կարդինալ Մատեո Ցուպին։ «Մենք բոլորս էլ անհանգստացած ենք, բայց այն, որ նա վեր է կենում, թերթ է կարդում եւ այցելուների ընդունում, ցույց է տալիս, որ նա ապաքինվում է»։