ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում գրանցած առաջընթացից: Պետքարտուղարը այդ մասին ասել է լրագրող Քեթրին Հերրինգի հետ զրույցում, որի տեքստը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքէջում։
Ռուբիոյի խոսքերից կարելի է ենթադրել, որ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մոտ ապագայում հազիվ թե կայանա։ Պետքարտուղարի խոսքով՝ նման հանդիպումը պետք է կոնկրետ բովանդակություն ունենա եւ պետք է նախապատրաստվի։ Ռուբիոյի խոսքով՝ հանդիպման անցկացումը, ի թիվս այլ բաների, կախված է ուկրաինական պատերազմի շուրջ խաղաղության բանակցությունների առաջընթացից։
«Եթե պատերազմի ավարտի հարցում առաջընթաց լինի, եւ նման հանդիպման ժամանակ գործարք կնքվի, ապա կարծում եմ, որ բոլորը կողջունեն նախագահ Թրամփին որպես խաղաղարարի»,- ասել է Ռուբիոն։
Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ իմաստ չունի Թրամփի հետ հանդիպել միայն թեյ կամ սուրճ խմելու համար։ Մինչ այս որոշ ենթադրություններ կային, որ նախագահները կարող էին հանդիպել արդեն փետրվարին։
Հարցազրույցի ժամանակ Ռուբիոն նաեւ հայտարարել է, որ Ալ-Ռիադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը չեն քննարկվել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հնարավոր խաղաղության համաձայնագրի պարամետրերը։ Չի քննարկվել նաեւ պատժամիջոցների վերացման հարցը։ Նրա խոսքերով՝ գլխավոր խնդիրը պարզելն էր, թե արդյոք Ռուսաստանը խաղաղություն հաստատելու իրական ցանկություն ունի։
Անդրադառնալով Ուկրաինային բանակցություններին չհրավիրելուն՝ Ռուբիոն բացատրել է, որ հանդիպումը հիմնականում նվիրված է եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին։ Պետքարտուղարը Ռուսաստանին անվանել է «համաշխարհային տերություն», որի հետ անհրաժեշտ է երկխոսություն պահպանել՝ անկախ դրա ցանկալի կամ անցանկալի լինելու հանգամանքից։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը չեն խզել հարաբերությունները նույնիսկ Սառը պատերազմի ամենավատ տարիներին։
Ալ-Ռիադում կայացած հանդիպումը կողմերը գնահատել են որպես դրական, թեեւ կոնկրետ որոշումների մասին այդպես էլ չեն հայտարարել՝ բացի դեսպանատների աշխատանքը կարգավորելու մասին համաձայնությունից։
Ռուս-ամերիկյան ուղիղ բանակցությունները՝ առանց Ուկրաինայի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցության, մտահոգություն են առաջացրել Կիեւում եւ Բրյուսելում։ Սա հանգեցրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմի միջեւ հրապարակային քննադատությունների փոխանակման։
Ռուբիոն Ուկրաինայի նախագահի հասցեին Թրամփի կոշտ արտահայտությունները բացատրել է նրանով, որ ԱՄՆ նախագահը «շատ վրդովված է» նրանից՝ հիմնականում բնական ռեսուրսների արդյունահանման որոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։