Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական երկրներին կոչ է արել առաջիկա շաբաթներին ռազմավարական որոշումներ կայացնել Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ եւ ընդհանուր եվրոպական ֆինանսավորում ներդնել գնումներն ու արտադրությունը խթանելու համար:
«Ռազմավարական զարթոնքը պետք է մեզ տանի դեպի Եվրոպայում հսկայածավալ պաշտպանական ծրագրի եւ զգալի ներդրումների վերաբերյալ որոշման։ Այդ ռազմավարական որոշումները պետք է ընդունվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքերով, թեեւ Եվրոպայի համար դժվար է միասնական բանակ ունենալը, այնուամենայնիվ, ընդհանուր պաշտպանական կարողություններ ստեղծելը հնարավոր է, հակառակ դեպքում Եվրոպան չի կարողանա ապահովել սեփական ինքնավարությունը ԱՄՆ-ից։
Մակրոնը նաեւ նշել է, որ Ֆրանսիան առանձին կկրկնապատկի իր պաշտպանական բյուջեն։
«Բոլոր այն երկրները, որոնք առաջնագծում են (այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմաններ ունեն — խմբ․), ծախսում են իրենց համախառն ներքին արդյունքի 4 կամ 5 տոկոսը, մինչդեռ մենք 2 տոկոսի վրա ենք։ Մենք նման թվեր ունեինք 1960-ականներին, 1970-ականներին եւ 1980-ականներին, երբ սառը պատերազմը դեռ շարունակվում էր: Հետո քանդվեց Բեռլինի պատը, եւ մենք շատ ավելի քիչ ներդրումներ կատարեցինք։ Դա ավարտվել է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Միեւնույն ժամանակ Մակրոնը հավանական չի համարել պարտադիր զինվորական ծառայության վերադառնալը։
«Զինվորական ծառայությունն այսօր դադարեցված է։ Մենք ունենք պրոֆեսիոնալ բանակ, եւ այսօր մեր առաջնահերթությունը ավելի շուտ Ֆրանսիայի տարածքի, մեր դաշնակիցների անվտանգությունն է։ Մեկ գիշերվա ընթացքում նման ծառայության վերականգնումը հսկայական բեռ կլինի»,- հայտարարել է Ֆրանսիայի Մակրոնը։
Փետրվարի 17-ին Ելիսեյան պալատում կայացել էր Ֆրանսիայի նախագահի հրավիրած եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը։ Դրանում քննարկվող հիմնական թեմաներն էին Եվրոպայի անվտանգությունը եւ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։
Այն տեղի էր ունեցել Ալ-Ռիադում կայացած ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների նախօրեին, որին հրավիրված չէին եղել եվրոպական երկրներն ու Ուկրաինան։