Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Նախարարները քննարկել են նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության եւ ծրագրերի կյանքի կոչման կարեւորությունը:
Տարբեր ձեւաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Միրզոյանն ու Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան եւ մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում Հայաստանի ամուր քաղաքական կամքը: