Ներածական
Երեք տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, ռուսական բանակը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինայի տարածք։
Մինչ ցամաքային գործողությունների սկիզբը առավոտյան 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած ուղերձում հայտարարում է «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին։ Եվ դրա անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ ՆԱՏՕ-ն մոտեցել է Ռուսաստանի սահմաններին, եւ որ Մոսկվան գործում է ինքնապաշտպանության մասին ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի համաձայն՝ հավելելով, որ «Ռուսաստանը պաշտպանելու ոչ մի այլ հնարավորություն չի մնացել»։ Ուկրաինա ներխուժման նպատակը Պուտինն անվանել է այդ երկրի «ապառազմականացումը եւ ապաազգայնացումը»՝ բացատրելով, որ դա ուղղված է «այն մարդկանց պաշտպանությանը, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրի, ցեղասպանության»՝ նկատի ունենալով Դոնբասի ռուսախոս բնակչությանը։
Պուտինյան այս թեզերի ներքո շարունակվող ռազմական ագրեսիան պատճառ դարձավ, որ Արեւմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ծանր պատժամիջոցների բազմաթիվ փաթեթներ ներդնեն եւ ծավալուն ռազմական աջակցություն ցուցաբերեն ուկրաինական բանակին՝ դիմադրելու կարողությունը բարձր պահելու համար։
Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Եվրոպայի համար Ուկրաինային աջակցելը առանցքային նշանակություն ուներ, քանի որ այն դիտարկվում էր ռուսական տարածվող ագրեսիայի դիմակայման եւ Եվրոպայի անվտանգության ապահովման վճռորոշ ճակատ։ Ուկրաինայի համար սա, բացի ինքնիշխանության, ինքնուրույնության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունից, ուներ նաեւ «ռուսական հյուծիչ իմպերիալիզմից» ու «ռուսական աշխարհից» ազատվելու եւ «ժողովրդավարական աշխարհին միանալու» նշանակություն։
Պատերազմը, որն արդեն 100 հազարավոր մարդկանց կյանք է խլել, վերջին օրերին կարծես թե ԱՄՆ-ի կողմից բիրտ ձեւով մղվում է դեպի հանգուցալուծման։ Միայն թե այս դեպքում նկատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Կիեւի հանդեպ կոպիտ, իսկ Ռուսաստանի նկատմամբ առավել զիջողական մոտեցումը։ Դա դրսեւորվեց հատկապես փետրվարի 18-ին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություննեից հետո։
Ավելին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, որը Կիեւի համար երկրի անվտնագության ու ինքնուրույնության հիմնական երաշխիքներից մեկն էր, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը արդեն հայատարարել է, որ անիրատեսական է։ Նա նաեւ անհնար է համարել 1991 թվականի սահմաններին վերադառնալը՝ այդպիսով հստակ ընդգծելով, որ որոշակի տարածքային զիջումներ պետք է կատարվեն Ռուսաստանին։
Այսպիսով՝ ուկրաինական հակամարտությունը հասկանալու համար կարեւոր է իրադարձությունները դիտարկել ճգնաժամի բռնկման կետից՝ այսինքն 2013-ից, երբ ուկրաինացի ժողովուրդը իր պայքարը սկսեց Եվրոպական միությանը միանալու համար։ Այստեղ այդ նպատակով կներկայացնենք իրադարձությունների այն ժամանակագրությունը, որը հանգեցրեց 2022 թվականի ռուսական ներխուժմանը։ Այն կհասցնենք մինչեւ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ, որպեսզի հաստակ լինի, թե կողմերը խաղաղության ինչպիսի տեսակետներ են ունեցել, եւ դրանց կյանքի կոչման համար ինչ առաջարկներ ներկայացրել։ Ընդ որում՝ սա կարեւոր է այնքանով, որ 2022 թվականի ապրիլից սկսած կողմերը այլեւս խաղաղության շուրջ չեն բանակցել։

Ռուսական բանակի ներխուժումը Ուկրաինայի տարածք 2022 թվականի փետրվարի 24-25-ին։ Քարտեզը՝ The Economist-ի
Ժամանակագրություն
2013 թ. նոյեմբերի 21․ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարեցնում է ԵՄ-ի հետ առեւտրի եւ ասոցացման բանակցությունները՝ նախընտրելով վերականգնել Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերը:
Կիեւի անկախության հրապարակում (Մայդանում) նախագահի որոշման դեմ սկսվում են բողոքի ցույցերը։
Դեկտեմբերի 6․ Նախագահ Յանուկովիչը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրների միջեւ նոր «ռազմավարական գործընկերության» շուրջ բանակցություններ սկսելու համար։
2013-ի դեկտեմբեր — 2014-ի փետրվար․ Մայդանում ընթացող հակակառավարական ցույցերը շարունակվում են եւ որոշ դեպքերում վերածվում բռնության։
2014 թ. փետրվարի 21․ Նախագահ Յանուկովիչը եւ ընդդիմության առաջնորդները ստորագրում են ԵՄ միջնորդությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, որը ներառում է մինչեւ տարեվերջ նախագահական ընտրությունների անցկացման ծրագիր:
Փետրվարի 22․ Ուկրաինական խորհրդարանը շարունակվող զանգվածային ցույցերի եւ բռնությունների ֆոնին քվեարկում է Յանուկովիչի պաշտոնանկության օգտին։ Սրան հաջորդող ժամերին Յանուկովիչը ընտանիքի հետ գաղտնի հեռանում է Ուկրաինայի տարածքից։
Փետրվարի 23․ Ուկրաինայի նորանշանակ ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարում է, որ երկիրը կկենտրոնանա ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման վրա:
Փետրվարի 27․ Տասնյակ զինված մարդիկ Ղրիմում սկսում են գրավել կառավարական շենքերը եւ դրանց վրա բարձրացնել Ռուսաստանի դրոշը։ Այս իրադարձությունները տեղի են ուենենում Ռուսաստանի զինված ուժերը բարձր պատրաստության բերելու մասին նախագահ Պուտինի հրամանագրի ստորագրումից մեկ օր անց։
Մարտի 1․ Ռուսաստանի խորհրդարանը կողմ է քվեարկում Ուկրաինայում ռուսական զորքերն օգտագործելու վերաբերյալ նախագահ Պուտինի խնդրանքը բավարարելու օրինագծին։ Կրեմլից բացատրում են, որ նախագահի հարցումը ներկայացվել է «Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակի եւ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգի հետ կապված»։
Մարտի 3․ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահը համատեղ հայտարարությամբ դատապարտում են Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտումը» եւ հայտնում իրենց հանձնառությունը աջակցել Ուկրաինայի միասնությունը, կայունությունը եւ քաղաքական ու տնտեսական կայունությունը վերականգնելու ջանքերին։
Մարտի 11․ Ե՛վ Ղրիմի Գերագույն խորհուրդը, եւ՛ Սեւաստոպոլի քաղաքային խորհուրդը ընդունում են Անկախության հռչակագիր։ Դրա տեքստում միանգամից նշվում է, որ մարտի 16-ին Ռուսաստանին միանալու վերաբերյալ սասվող հանրաքվեի արդյունքում բավարար ձայներ ապհովելու դեպքում կհայտարարվի «Ղրիմի Հանրապետության» հռչակման մասին։
Մարտի 12․ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ողջունում է Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենի Յացենյուկին եւ խոստանում է «կանգնել Ուկրաինայի կողքին» Ռուսաստանի հետ նրա հակասությունների ընթացքում:
Նույն օրը G7-ի («Մեծ յոթնյակի» երկրների) առաջնորդները հայտարարություն են տարածում՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոխելու բոլոր ջանքերը։
Մարտի 16․ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության 95 %-ը կողմ է քվեարկում Ռուսաստանին միանալուն։
Մարտի 17․ Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակում է «Ղրիմի Հանրապետության» անկախությունը եւ պաշտոնապես դիմում Մոսկվային Ռուսաստանի Դաշնության կազմ ներառվելու համար։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը Ղրիմի հանրաքվեի պատճառով պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի մի քանի պաշտոնյաների նկատմամբ եւ հայտարարում նրանց ակտիվների սառեցման մասին։
Մարտի 18․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղրիմի առաջնորդները ստորագրում են թերակղզին Ռուսաստանի կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։
Մարտի 21․ ՌԴ նախագահը ստորագրում է Ղրիմը պաշտոնապես Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին օրենքը՝ չնայած ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ներդրվող նոր պատժամիջոցներին։
Մարտի 24․ Ռուսաստանը հեռացվում է G8-ի՝ «Մեծ ությնակի» խմբից։
Մարտի 27․ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 100 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ Ղրիմի հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչող բանաձեւ է ընդունում։ Քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել 58 երկիր։
Ապրիլի 7․ Ուկրաինայի Դոնեցկ, Լուգանսկ եւ Խարկով քաղաքներում ցուցարարները գրավում են կառավարական շենքերը՝ կոչ անելով մինչեւ մայիսի 11-ը անկախության հանրաքվե անցկացնել։
Ապրիլի 15․ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարում է ռուսամետ անջատողականների դեմ «հակաահաբեկչական գործողության» մեկնարկի մասին։ Մեկնարկից հետո այն մեծ արագությամբ տապալվում է։
Ապրիլի 17․ Ժնեւում կայացած բանակցություններց հետո Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հայտարարում են, որ համաձայնության են եկել Արեւելյան Ուկրաինայում ճգնաժամի «դեէսկալացիայի» քայլերի շուրջ:
Ապրիլի 22․ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կրկին կոչ է անում Դոնբասում վերսկսել «հակաահաբեկչական գործողությունները»՝ պնդելով, որ իր կուսակցության երկու ներկայացուցիչ «դաժանաբար սպանվել» են, ինչը մեծ հարված է հասցնում առանց այն էլ սրվող հակամարտությունը կարգավորելու միջազգային փլուզվող ջանքերին։
Մայիսի 12․ Ուկրաինայի արեւելյան շրջաններում՝ Դոնեցկում եւ Լուգանսկում, ռուսամետ անջատողականները հայտարարում են «անկախության» հանրաքվեների անցկացման մասին։ Դոնեցկում ընտրողների 89%-ը, իսկ Լուգանսկում 96%-ը կողմ են արտահայտվում Ուկրաինայից անջատվելուն։
Մայիսի 25․ Ուկրաինայի նախագահ է ընտրվում Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել էր ընտրողների 56%-ի քվեն։
Մայիսի 27․ ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրում է գործընկերության ուղենշային համաձայնագիրը։
Հուլիսի 17․ Արեւելյան Ուկրաինայում խոցվում է Նիդերլանդներից Մալայզիա թռչող «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող MH17 մարդատար ինքնաթիռը՝ 298 մարդու մահվան պատճառ դառնալով։ Նիդերլանդների անվտանգության խորհրդի (DSB) 15 ամիս տեւած հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով:
Սեպտեմբերի 1․ Ուկրաինան հայտարարում է, որ իր բանակի 700 զինվորական է գերեվարվել ռուսամետ անջատողականների առաջխաղացումների ժամանակ։
Սեպտեմբերի 5․ Ուկրաինայի կառավարությունը եւ երկրի արեւելքում զինված պայքար սկսած ռուսամետ անջատողականները Մինսկում ստորագրում են ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների եռակողմ կոնտակտային խմբի համաձայնեցրած հրադադարի համաձայնագիրը։
Ստորագրումից օրեր անց համաձայանգիրը տապալվում է։ Պատճառը Դոնեցկում ռուսամետ ուժերի միմյանց հաջորդող հաղթանակներն էին եւ դրանք կանգնեցնելու կամքի բացակայությունը։
Նոյեմբերի 12․ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը զգուշացնում է, որ ռուսական ռազմական տեխնիկա եւ մարտական ստորաբաժանումներ են մի քանի օրվա ընթացքում տեղափոխվել Ուկրաինա՝ նշելով, որ նկատվել են «ռուսական տանկեր, հրետանի եւ ՀՕՊ համակարգեր»։
2015 թ. հունվարի 24․ Մարիուպոլ քաղաքի հրթիռակոծման հետեւանքով զոհվում է 30 մարդ։ Հակամարտության կողմերը տեղի ունեցածի համար մեղադրում են միմյանց։
Փետրվարի 12․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատեւ բանակցություններից հետո Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրում են հրադադարի նոր համաձայնագիր։ Սա կոչվում է Մինսկի երկրորդ համաձայնագիր։
2016 թ․ հուլիսի 9․ ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան ստորագրում են Համապարփակ օգնության փաթեթը։
2017 թ․ հունիսի 8․ Ուկրաինայի խորհրդարանը քվեարկում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես երկրի ռազմավարական արտաքին քաղաքականության նպատակ հաստատելու մասին օրինագծի ընդունման օգտին։
Սեպտեմբերի 1․ Ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը։
2019 թ․ փետրվարի 21․ Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունը, որը ՆԱՏՕ-ին անդամակցությունը սահմանում է որպես երկրի արտաքին քաղաքականություն եւ անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական նպատակ։
Ապրիլի 21․ Ուկրաինայի նախագահ է ընտրվում Վլադիմիր Զելենսկին։ Նա ստացել էր ընտրողների 70%-ի քվեն։
2020 թ․ հունիսի 12․ Ուկրաինային շնորհվում է ՆԱՏՕ-ի Ընդլայնված հնարավորություններով գործընկերոջ կարգավիճակ: Այս կարգավիճակը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործունակության նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է պահպանել եւ խորացնել համագործակցությունը դաշնակիցների եւ գործընկերների միջեւ, որոնք նշանակալի ներդրում ունեն ՆԱՏՕ-ի գործողություններում եւ առաքելություններում:
Սեպտեմբերի 14․ Նախագահ Զելենսկին ստորագրում է Ուկրաինայի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որի նպատակն է անդամակցել ՆԱՏՕ-ին։
2021 թ․ ապրիլի 6․ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների ընդարձակման ֆոնին Ռուսաստանը հայտարարում է զանգվածային զորավարժությունների մեկնարկի մասին՝ խորացնելով Կիեւի հետ լարվածությունը եւ կրկնապատկելով պատերազմների վերսկսման վտանգի շուրջ Արեւմուտքի ունեցած անհանգստությունը:
Ապրիլի 14․ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է երկրի սահմանների մոտ շուրջ 110 հազար ռուս զինվորականների կուտակումների մասին։
Նոյեմբերի 13․ Կիեւում ռուսական զորքերի կուտակումների հետ կապված մտահոգությունները շարունակվում են։ Նախագահ Զելենսկին հայտարարում է Ուկրաինայի սահմանների մոտ մոտավորապես 100 հազար ռուսական ուժերի կուտակման մասին։
Դեկտեմբերի 7․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին նախազգուշացնում է Ուկրաինա ներխուժելու դեպքում արեւմտյան տնտեսական պատժամիջոցներին առերեսվելու մասին։ Նախագահ Պուտինի հետ տեսակապի ձեւաչափով երկու ժամ տեւած բանակցությունների ժամանակ Բայդենը բարձրաձայնում է «Միացյալ Նահանգների եւ եվրոպացի դաշնակիցների խոր մտահոգությունը՝ կապված Ուկրաինան շրջապատող ռուսական ուժերից բխող լարվածության հետ»։
Դեկտեմբերի 12․ G7-ի արտաքին գործերի նախարարները եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչը հայտարարություն են տարածում Ուկրաինայի շուրջ ռուսական բանակի կուտակումների եւ Մոսկվայի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ:
Հայտարարության մեջ Ռուսաստանին կոչ է արվում «թուլացնել լարվածությունը, հետամուտ լինել դիվանագիտական ուղիներին եւ պահպանել ռազմական գործունեության թափանցիկության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները»:
Դեկտեմբերի 17․ Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներկայացնում է անվտանգության պահանջների ցանկ։ ՌԴ ԱԳՆ-ի պահանջի համաձայն՝ Եվրոպայում լարվածությունը թուլացնելու եւ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար Արեւմուտքը Մոսկվային պետք է ներկայացներ իրավական պարտադիր երաշխիք, որի համաձայն՝ Ուկրաինան երբեք չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի Արեւելյան Եվրոպայում եւ Ուկրաինայում ցանկացած ռազմական գործունեությունից՝ ՌԴ սահմաններից զորքերը հետ քաշելով որոշակի հեռավորության վրա:
2022 թ․ հունվարի 10․ Ժնեւում կայանում է ՌԴ եւ ԱՄՆ դիվանագետնրի հանդիպումը։ Բանակցությունները հետագայում որակվում են որպես «օգտակար» եւ «շատ պրոֆեսիոնալ», սակայն հիմնարար տարաձայնությունների լուծման ուղղությամբ որեւէ առաջընթաց չի նկատվում:
Հունվարի 12․ Բրյուսելում կայանում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը։ Հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են կրկին հանդիպելու Ռուսաստանի հետ՝ ավելի մանրամասն քննարկելու մի շարք թեմաներ եւ սեղանին դնելու կոնկրետ առաջարկներ։
Հունվարի 26․ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն առանձին գրավոր պատասխաններ են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության պահանջներին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ բացառվել է ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնումը դադարեցնելու Ռուսաստանի պահանջը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը բաց է սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն էլ ՌԴ-ին եւս մեկ անգամ կոչ է անում լիցքաթափել իրադրությունը եւ հայտարարում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «համոզված է, որ լարվածությունն ու տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով»։
Հունվարի 28․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Արեւելյան Եվրոպայում լրացուցիչ զորքեր տեղակայելու մասին։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն բավարարել Մոսւկվայի անվտանգության պահանջները։
Կրեմլը հրապարակում է ՌԴ պահանջների ցանկը՝ խուսափել ՆԱՏՕ-ի ընդլայնումից, հարձակողական զինատեսակներ չտեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ եւ վերադարձնել ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորություններն ու ենթակառուցվածքները այն վիճակին, որում այն եղել էր մինչ Արեւելյան Եվրոպայի երկրների (նախկին Վարշավայի պայմանագրի անդամ) դաշինքին միանալը: Բացի այդ՝ Ռուսաստանը կրկին պահանջում է երաշխավորել, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։
Փետրվարի 10․ Ռուսաստանը Բելառուսի հետ սկում է մասշտաբային զորավարժություն 30 հազար զինվորականի ներգրավմամբ։ Այն համարվում Սառը պատերազմի ավարտից հետո ամենամեծը Եվորպայում։
Փետրվարի 21․ Նախագահ Պուտինը ճանաչում է արեւելյան Ուկրաինայից երկու անջատված տարածքների՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ Մոսկվայում երկու այս չճանաչված հանրապետությունների ղեկավարները Պուտինի հետ ստորագրում են բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրեր:
Արեւմուտքը հայտարարում է, որ սա Մինսկի պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։
Երեկոյան տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խնդրանքով։
Փետրվարի 22․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է․ «Առկա են բոլոր նախադրյալները, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստությունները Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար»։
Փետրվարի 23․ Ուկրաինան բնակչությանը պատրաստում է ավերիչ պատերազմի հեռանկարին։ Խորհրդարանը՝ Ռադան, հաստատում է արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահ Վլադիմր Զելենսկու հրամանագիրը, որը իշխանություններին թույլ է տալիս «պարետային ժամ հաստատել, սահամանափակել տեղաշարժը, արգելել ելույթները, քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները»։ Հրամանագիրը ուժի մեջ պետք է մտնի հաջորդ օրը եւ գործի մեկ ամիս։ Փակվում են Խարկովի, Դնեպրի եւ Զապորոժիեի օդանավակայնները։
Նախագահ Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է «դիվանագիտական լուծումներ» փնտրելու Ուկրաինայի հարցում, սակայն շեշտում է, որ իր երկրի շահերը սակարկելի չեն։
Նույն օրը Դոնեցկի եւ Լուգանսկի, այսպես կոչված, Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը Մոսկվայից օգնություն են խնդրում «ուկրաինական զինված ուժերի ագրեսիան հետ մղելու համար»։
Դոնբասում ուկրաինական զորքերի եւ անջատողականների միջեւ 2015-ից հաստատված շփման գծում լարվածությունը մեծանում է։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կրկին քննարկում է ուկրաինական ճգնաժամը, որի անդամ մի քանի երկրներ Ռուսաստանին կոչ են անում թուլացնել լարվածությունը՝ պարզաբանելով լայնածավալ ներխուժման հետեւանքները:
Փետրվարի 24․ Ռուսական պետական հեռուստատեսությամբ վաղ առավոտյան հրապարակված ուղերձի ժամանակ նախագահ Պուտինը հայտարարում է, որ ռուսական ուժերը «հատուկ ռազմական գործողություն» կիրականացնեն Ուկրաինայում։
Ժամեր անց սկսվում է Ուկրաինայի հրթիռային եւ ավիացիոն ռմբակոծությունը։ Ռուսական բանակը հյուսիսից՝ Բելառուսի տարածքից, հարավից՝ բռնակցված Ղրիմից, եւ արեւլքից՝ Խարկովի ու Սումի քաղաքների ուղղությունից, սկսում են ցամաքային ներխուժումը։
Հաջորդիվ ժողովրդին ուղղված արտակարգ ուղերձով հանդես է գալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ հայտարարելով ռազմական դրություն հաստատելու մասին։
Փետրվարի 25․ Նախագահ Զելենսկին ստորագրում է համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիրը։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվում է լքել Ուկրաինան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանաձեւի նախագիծը։ Ալբանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված նախագիծը ստանում է ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամ երկրների աջակցությունը, սակայն Ռուսաստանի վետոն տապալում է այն: Ձեռնպահ են մնում Չինաստանը, Հնդկաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Փետրվարի 28, մարտի 3 եւ մարտի 7․ Նախ Բելառուսի Գոմել քաղաքում, ապա Բրեստում միմյանց հաջորդում են պատերազմի մեկնարկից հետո առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինական կողմը ներկայացնում են նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի անդամներ Դավիթ Արախամիան, Ռուստեմ Ումերովը, Ալեքսեյ Ռեզնիկովը, Անդրեյ Կոստինը, արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչինսկին եւ բանկիր Դենիս Կիրեեւը։ Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Պետդումայի անդամներ Բորիս Գրիզլովը, Լեոնիդ Սլուցկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Հրապարակային հայտարարություններից հետեւում է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը պահանջել է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, Ղրիմի՝ Ռուսաստանին պատկանելիությունը եւ Ուկրաինայի սահմանադրության մեջ երկրի արտադաշինքային կարգավիճակի ամրագրումը։ Ուկրաինական կողմի համար էլ առանցքային էին տարածքային ամբողջականության պահպանման հարցը եւ երկրի անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Մարտի 10․ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում շարունակելու բանակցային գործընթացը։
Մարտի 14-17․ Տեսակապի միջոցով ընթացած բանակցությունների արդյունքում կողմերը ներկայացնում են սեփական պահանջները, որի հիման վրա կազմվում է համաձայնագրի նախագիծ։ Ըստ այդ նախագծի․
- Ուկրաինան պահանջել է միջազգային անվտանգության երաշխիքներ առ այն, որ երկրի վրա հարձակման կրկնման դեպքում անվտանգությունը երաշխավորող երկրները պետք է աջակցեին Ուկրաինայի պաշտպանության կազմակերպմանը, այդ թվում փակելով երկրի օդային տարածքը։ Պահանջվել նաեւ, որ համաձայնագրի դրույթները տարածվեն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։
- Ռուսաստանը պահանջել է չեղարկել 2014 թվականից սահմանված պատժամիջոցները, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական սահմաններով, չմիանալ ռազմաքաղաքական դաշինքներին (առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ին), սահմանափակել հրթիռների հեռահարությունը, սահմանափակել ուկրաինական բանակի թիվը՝ հասցնելով 85 հազարի, արգելել «նացիզմի եւ նեոնացիզմի ցանկացած ձեւի փառաբանումն ու քարոզչությունը»՝ ներառյալ հանրային ցույցերն ու երթերը, հուշարձանների եւ հուշահամալիրների կանգնեցումը եւ փողոցների անվանափոխությունը, հրաժարվել Միջազգային քրեական դատարանին միանալուց:
Ուկրաինական կողմը հրաժարվում է ռուսական մի շարք պահանջներ քննարկելուց` մասնավորապես պատժամիջոցների վերացումը, ՄՔԴ-ին միանալուց հրաժարվելը եւ զորքերի թվաքանակը 85 հազարով սահմանափակելը՝ պնդելով 250 հազար բանակ պահելու անհրաժեշտության մասին։
Մարտի 29․ Ստամբուլում կայանում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հերթական փուլը։ Ուկրաինական կողմը գրավոր ձեւով Ռուսաստանի ներկայացուցիչներին էր փոխանցել ապագա համաձայնագրի սկզբունքների սեփական տեսլականը, որն ամփոփվել է «Ռուս-ուկրաինական Ստամբուլի կոմյունիկեի» մեջ։ Ըստ այդ փաստաթղթի․
- Համաձայնություն էր ձեռք բերվում առ այն, որ Ղրիմի կարգավիճակը պետք է որոշվի 10-15 տարվա ընթացքում, իսկ Ուկրաինան համաձայնում էր չփորձել ուժով վերադարձնել թերակղզին։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ հանդիպեին 2022 թվականին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար եւ հստակեցնելու, թե Ուկրաինայի որ տարածները պետք է մնային ռուսական վերահսկողության ներքո։
- Ուկրաինայի համար տրամադրվում էին անվտանգության պարտադիր երաշխիքներ, որը ենթադրում էր պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց թվում էին լինելու Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Իսրայելը։
- Երաշխավոր երկրները պետք է համաձայնեին, որ «ագրեսիայի, Ուկրաինայի վրա ցանկացած զինված հարձակման կամ Ուկրաինայի դեմ որեւէ ռազմական գործողության» դեպքում նրանցից յուրաքանչյուրը խորհրդակցություններից հետո հրատապ եւ անհապաղ օգնություն պետք է տրամադրեին Ուկրաինային։
Բանակցությունների շարունակման համար հիմնական խոչընդոտ են վերջին երկու կետերը։ Ռուսական կողմը պնդում է, որ երաշխավոր երկրները, որոնց թվում, ինչպես նշվեց, կար նաեւ Ռուսաստանը, Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում օգնությունը տրամադրեին միայն համատեղ փոխհամաձայնության դեպքում։
Ապրիլին տեսակապի ձեւաչափով շարունակվեցին բանակցությունները, սակայն դրանք որեւէ էական արդյունք չտվեցին։ Կողմերը այլեւս պատերազմի դադարեցման պարամետրերի համաձայնության շուրջ որեւէ բանակցություն չեն վարել։

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։