Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի առիթով ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Սպասվում է, որ պատժամիջոցների ցուցակը պաշտոնապես կհրապարակվի այսօր՝ փետրվարի 24-ին։
ԵՄ դեսպանները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ համաձայնության էին եկել նախորդ շաբաթ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հունգարիան խոչընդոտներ այս անգամ չի ստեղծել, քանի որ բանակցությունների ընթացքում կարողացել է մի քանի անհատների անուններ հանել ցանկից եւ հասնել որոշ սահմանափակող միջոցների չեղարկմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր սահմանափակող միջոցները ներառում են ԵՄ երկրների համար ռուսական ալյումինե արտադրանքի գնման աստիճանական արգելք։ Կխստացվեն նաեւ Ռուսաստանից նավթի արտահանման սահմանափակումները։
Սպասվում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն նաեւ 73 տանկերներ, որոնք Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի մաս են կազմում: Սրանց միջոցով Մոսկվան կազմակերպում էր նավթի առեւտուրը՝ շրջանցելով սահմանված պատժամիջոցները։ «Սեւ ցուցակում» կհայտնվեն նաեւ 13 բանկերներ, դրանք կանջատվեն SWIFT համակարգից։
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ պատժամիջոցները կտարածվեն նաեւ TACC գործակալության, Lenta.ru-ի եւ մի շարք այլ պետական կամ կրեմլամետ լրատվամիջոցների, այդ թվում՝ ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի, 2014-ի բռնակցումից հետո Ղրիմում գործող կրեմլամետ NewsFront կայքի եւ «Եվրասիական օրակարգը» քարոզող EADaily պորտալի նկատմամբ։ AFP-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցանկում կհայտնվի 8 ռուսական լրատվամիջոց։ ԵՄ-ում նման պատժամիջոցների անհրաժեշտությունը բացատրվում է ռուսական քարոզչության դեմ պայքարով, որը Ուկրաինայի պատերազմի ֆոնին սպառնում է Միության տեղեկատվական անվտանգությանը։
Ըստ Reuters-ի՝ պատժամիջոցների կենթարկվեն ընդհանուր առմամբ 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձինք։ Դրանց թվում կլինեն Հնդկաստանում, Ղազախստանում, Չինաստանում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում գտնվող ընկերություններ, որոնք Ռուսաստանին օգնել են շրջանցելու պատժամիջոցները:
Այսօր ավելի վաղ նոր պատժամիջոցների մասին հայտարարել են նաեւ Ավստրալիան ու Նոր Զելանդիան։