Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն՝ համոզելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայում, եթե համաձայնություն ձեռք բերվի պատերազմի դադարեցման շուրջ։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ՝ եվրոպական երկրները կարող են Ուկրաինա ուղարկել մինչեւ 30 հազար խաղաղապահ զորք։ Սպասվում է, որ եվրոպացի առաջնորդները ԱՄՆ-ից կխնդրեն տրամադրել այնպիսի ռազմական ռեսուրսներ, որոնց չեն տիրապետում եվրապական երկրները։ Սա պետք է դառնա նաեւ խաղաղապահ ուժերի համար վտանգի դեպքում տրամադրվող աջակցություն, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից հրադադարի խախտումը կասեցնող գործոն։
Ենթադրվում է, որ այս դեպքում ԱՄՆ-ը կարող է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել հարեւան երկրներում, որոնք կծածկեն Ուկրաինայի տարածքի մի մասը, իսկ եվրոպական երկրներում տեղակայված ամերիկյան ինքնաթիռները կարող են պատրաստ լինել օդային աջակցություն ցուցաբերելու եվրոպացի խաղաղապահներին սպառնալիքների ի հայտ գալու դեպքում։
The Wall Street Journal-ը մեջբերում է բրիտանացի պաշտոնյաների խոսքերը, որ ամերիկյան աջակցությունը խաղաղապահ առաքելությանը կարեւոր նշանակություն կունենա ռուսական հարձակումները կանխելու համար եւ կխրախուսի եվրոպական մյուս երկրներին խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:
Էմանուել Մակրոնն առաջին էր, որ հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկելու Ուկրաինա, եթե այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայումը դառնա Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մաս: