Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը պետք է «իրական» ազդանշաններ ուղարկի պատերազմը դադարեցնելու իր ցանկության մասին: Ըստ նրա՝ այդպիսի քայլերից մեկը կարող է լինել բոլոր ուկրաինացի գերիների ազատ արձակումը։ Այդ մասին նա հայտարարել է Կիեւում արեւմտյան երկրների ղեկավարների մասնակցությամբ ընթացող գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակմանը։
«Պատերազմի ավարտը պետք է սկսել այնպիսի քայլերով, որոնք բուն իրավիճակի նկատմամբ կվերականգնեն վստահությունը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ վստահություն չկա։ Եվ մեզ պետք են իրավիճակներ, որոնք խոսում են պատերազմի ավարտի մասին։ Իրական վիճակներ։ Իսկ ներկա պահին նման քայլ կարող է լինել գերիների ազատ արձակումը։ Հազար, ուղիղ հազար մարդ, որոնք պահվում են Ռուսաստանում։ Նրանց մի մասը այնտեղ է ոչ թե 2022-ից, այլ ավելի վաղ՝ 2014-ից։ Ռուսաստանը պետք է ազատի ուկրաինացիներին։ Ուկրաինան պատրաստ է բոլորին փոխանակելու բոլորի հետ, եւ սա արդար տարբերակ է»,- հայտարարել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերում է «Украинская правда»-ն։
Նա հավելել է, որ պատերազմի ավարտի բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի եւ Եվրոպայի մասնակցությամբ, քանի որ պատերազմը տարվում է Ուկրաինայի դեմ, իսկ Եվրոպան եւ «եվրոպական ապրելակերպը», ըստ Զելենսկու, Ռուսաստանի «ռազմավարական թիրախն» են։
Վերջին անգամ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիներին փոխանակել են 2025 թվականի փետրվարի 5-ին։ Կողմերից յուրաքանչյուրն ազատ է արձակել 150 հոգու։ Փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։