Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին Ժնեւում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում:
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային ուղղություններով իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։
Միրզոյանն ու Արաղչին նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության եւ հարատեւ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն ՝«անդրադարձ է կատարվել տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա»։