Մոսկվան ու Վաշինգտոնն այս շաբաթ լիարժեք խորհրդակցություններ կանցկացնեն դեսպանատների աշխատանքի նորմալացման շուրջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այդ նպատակով նախորդ շաբաթ արդեն կայացել է երկու նման տեխնիկական նախնական շփում։ Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն արհեստական խոչընդոտները, որոնք կուտակվել են Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմերի կողմից վերջին տարիներին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունների բանակցություններից հետո կողմերը հաստատեցին, որ բացի ՌԴ-ԱՄՆ տնտնեսական հարաբերություններից եւ Ուկրաինայի հակամարտությունից՝ քննարկվել էին նաեւ դիվանագիտական հաստատությունների աշխատանքները ամբողջական աշխատակազմերով վերականգնելու հարցերը։