Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում գործընկերոջը տեղեկացրել է ՌԴ-ԱՄՆ վերջին շփումների մասին։ Պեկինը աջակցություն է հայտնել երկխոսությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։ Չինական կողմը աջակցություն է հայտնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սկսված երկխոսությանը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
«Չինաստանն ուրախ է տեսնելու, որ Ռուսաստանը եւ համապատասխան կողմերը ջանքեր են գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Սի Ծինփինը։
Հաղորդվում է նաեւ, որ նախագահները մտքեր են փոխանակել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման ընթացիկ հարցերի շուրջ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվան ու Պեկինը կապված են ռազմավարական համապարփակ գործընկերությունով։ Բացի լայնածավալ տնտեսական համագործակցությունից՝ դա ենթադրում է փոխադարձ վստահություն, միմյանց հետ դաշինքների եւ երրորդ երկրների դեմ հակազդեցության մերժում։
Պուտինն ու Ծինփինը նաեւ հաստատել են փոխայցելությունների ծրագրերը։ Սպասվում է, որ Չինաստանի առաջնորդը Մոսկվա կայցելի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար։