Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը փոխադարձ համաձայնությամբ կարող են միաժամանակ պաշտպանական ծախսերը կրճատել 50%-ով, որից հետո իր ռազմական ծախսերը կարող է կրճատել նաեւ Չինաստանը։
«Մենք կարող էինք համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ. Միացյալ Նահանգները կկրճատեր [պաշտպանության ծախսերը] 50%-ով, իսկ մենք կկրճատեինք 50%-ով։ Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, եթե ցանկանար, ապա հետո կմիանար: Մենք կարծում ենք, որ առաջարկը լավն է, եւ մենք բաց ենք այս հարցի շուրջ քննարկումների համար»,- ասել է Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել է, որ Ուկրաինայում եւ Գազայում պատերազմների ավարտից հետո կբանակցի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պաշտպանական բյուջեի կրճատման շուրջ։ Թրամփը առաջարկել էր կրկնակի կրճաատել ռազմական բյուջեն։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել էր, որ ցանկանում է վերսկսել բանակցությունները Մոսկվայի եւ Պեկինի հետ միջուկային զինանոցների կրճատման շուրջ բանակությունները։
«Առաջարկը լավն է, մենք պատրաստ ենք այդ հարցի շուրջ քննարկումների»,- ասել է Պուտինը հարցազրույցի ժամանակ։