Եվրամիությունը նույնպես առաջարկում է Ուկրաինային համաձայնագիր կնքել «կարեւոր նշանակություն ունեցող» օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նման համաձայնագրի շուրջ այժմ Կիեւի հետ բանակցություններ վարում է ԱՄՆ-ը։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ արդյունաբերական ռազմավարության համար պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Ստեֆան Սեժուրնեն։
Եվրահանձնակատարի կարծիքով ԵՄ մոտեցումը հնարավոր գործարքի վերաբերյալ բնութագրվում է նրանով, որ այն Ուկրաինային առաջարկում է փոխշահավետ գործընկերություն։ «Մենք երբեք չենք պահանջի համաձայնություն, որը ձեռնտու չէ երկու կողմերին»,- ընդգծել է Սեժուրնեն։ Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է տրամադրել ԵՄ արդյունաբերության համար չափազանց կարեւոր 30 հանքանյութերից 21-ը:
ԵՄ առաջարկների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչները դրանք չեն մեկնաբանել։
Agence France Presse-ը նշում է, որ առաջարկը քննարկվել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ բնական պաշարների համատեղ զարգացման շուրջ բանակցությունների համատեքստում։ Այս բանակցություններն ուղեկցվել են ամենաբարձր մակարդակով եւ մի շարք կոշտ հայտարարություններով։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ԱՄՆ-ը առաջարկել է Ուկրաինային ստեղծել 500 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ, որը եկամուտ կստանա Ուկրաինայում արդյունահանվող հազվագյուտ մետաղների եւ բնական ռեսուրսների վաճառքից։ Այդ առաջարկի համաձայն՝ հիմնադրամը պետք է գտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է առաջարկվող գործարքը ստորագրելուց, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Չնայած իրադարձությունների այսպիսի ընթացքին՝ բանակցությունները շարունակվել են։ Ավելին՝ երկուշաբթի Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Կիեւը մոտ են բանակցությունների ավարտին եւ պատրաստ են ստորագրելու համաձայնագիրը արդեն հաջորդ շաբաթ՝ Զելենսկու Սպիտակ տուն այցի ժամանակ։
Ուկրաինան դեռեւս պնդում է, որ այն ներառի անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ռուսական սպառնալիքի։ Թրամփն էլ հասկացնել է տվել, որ նման երաշխիք ինքնին կարող է լինել հենց պայմանագրի գոյությունը։ Թրամփը նաեւ կարծում է, որ նման համաձայնագիրը յուրատեսակ փոխհատուցում կդառնա այն օգնության համար, որը ԱՄՆ-ը վերջին տարիներին ցուցաբերել է Ուկրաինային։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է համագործակցելու ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման հարցում, այդ թվում, ինչպես հետեւում է նրա խոսքերից, Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում։