Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» շարժումները այժմ ցանկանում են նոր վտանգ ստեղծել իր երկրի համար՝ գործելով Սիրիայի տարածքից: The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ այս վարկածը նա ներկայացրել է փետրվարի 24-ին Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը։
«ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական ջիհադը» գործում են Սիրիայում՝ այնտեղ Իսրայելի դեմ նոր ճակատ ստեղծելու համար»,- պնդում է Սաարը։
Բացի այդ՝ նա նաեւ քննադատել է ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած Սիրիայի անցումային շրջանի ղեկավարությանը։ Իսրայելցի նախարարի խոսքով՝ այնտեղ իշխանության է եկել «ջիհադիստական, իսլամիստական, ահաբեկչական խմբավորում»։
«Բոլորը գիտեն, թե ով է Ալ-Շարաան: Նրանք ոչ միայն ներառական չեն, այլեւ վրեժ են լուծում ալավիներից, վնասում են քրդերին։ Մենք չենք զիջելու մեր սահմանի անվտանգությունը»,- հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը։
Ընդգծենք, որ Սաարի այս հայտարարությունները հետեւում են փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Սիրիայի հարավային շրջանները «ամբողջական ապառազմականացման» ենթարկելու վերաբերյալ ներկայացրած պահանջին՝ ներառյալ Դարաա, Կունեյտրա եւ Աս-Սուվեյդա նահանգները, եւ ասել, որ իր երկիրը թույլ չի տա սիրիական բանակի ռազմական ներկայությունը Դամասկոսից հարավ:
«Մենք թույլ չենք տա «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ուժերի կամ սիրիական նոր բանակի մուտքը Դամասկոսից հարավ ընկած տարածքներ։ Մենք պահանջում ենք ամբողջական ապառազմականացում Սիրիայի հարավում՝ ներառյալ Կունեյտրա, Դարաա եւ Ալ-Սուվեյդա նահանգները»,- հայտարարել էր Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացներն ավարտող ուսանողների առջեւ։
Նա նաեւ ընդգծել էր, որ Իսրայելը մտադիր է պաշտպանելու Սիրիայի հարավում ապրող դրուզներին, առանձին կրոնա-էթնիկ համայնքի ներկայացուցիչներին, որոնք բնակվում են ինչպես Սիրիայի հարավում, այնպես էլ Գոլանի բարձունքների՝ Իսրայելի կողմից վերահսկվող հատվածում։
2024 թվականի նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց 24 տարի զբաղեցրած պաշտոնից ու լքեց երկիրը։ Նույն օրը իսրայելական բանակը հայտարարեց, որ դիրքեր է գրավել Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, որը 1974 թվականից սկսած բաժանում էր Իսրայելի եւ Սիրիայի կողմից վերահսկվող տարածքները։ Ի թիվս այլ հենակետերի՝ իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Հերմոն լեռնաշղթայի արեւելյան կողմը, որը նախկինում սիրիական բանակի վերահսկողության տակ էր։
Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ գործողությունները ժամանակավոր պաշտպանական միջոցներ են, որոնք ուղղված են սիրիական ուղղությամբ իր երկրին սպառնացող հնարավոր սպառնալիքների կանխմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ զորքերը կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստանա անվտանգության երաշխիքներ սահմանի այս հատվածում։
Բացի այդ՝ Դամասկոսում իշխանափոխությունից անմիջապես հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ հասցրին ամբողջ Սիրիայի տարածքում՝ թիրախավորելով ռազմական ենթակառուցվածքներն ու զինտեխնիկան։ Ընդհանուր առմամբ, ըստ իսրայելական լրատվամիջոցների, թիրախավորվել էր 250 կետ։