Սերբիան չպետք է աջակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը դատապարտում էր ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Կարծում եմ՝ Սերբիան այսօր սխալվեց։ Ես ներողություն եմ խնդրում Սերբիայի քաղաքացիներից դրա համար եւ դրա մեղքն ինձ վրա եմ վերցնում»,- ասել է Վուչիչը։
Նա բացատրել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ծանոթանալ Եվրոպայի եւ Ուկրաինայի պատրաստած բանաձեւերին։ Վուչիչը ընդգծել է, որ միեւնույն ժամանակ Սերբիան ձեռնպահ է քվեարկել ամերիկյան բանաձեւին, ինչը նշանակում է, որ, նրա խոսքով, ճիշտ է քվեարկել։
«Իմ կարծիքով, մենք պետք է ձեռնպահ քվեարկեինք նաեւ եվրոպական բանաձեւին։ Եվ, ինչպես տեսնում եք, ես դա ասում եմ այն պահին, երբ ակնհայտ է, որ դրա պատճառով ԵՄ-ում կկորցնեմ բարեհաճությունը կամ քաղաքական միավորները»,- հայտարարել է Սերբիայի նախագահը։
Ռուսաստանի Սերբիայի քվեարկությունը առաջինը մեկնաբանեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր տելեգրամյան ալիքում սերբերեն հրապարակած գրառման մեջ նա նշել էր․ «Մենք գիտենք, որ սերբ ժողովուրդը մեզ չի դավաճանի։ Մենք լսում ենք ձեր սրտերի արձագանքները, որը հոգատար է եւ աջակցությամբ լի: Մենք զգում ենք Սերբիայի ժողովրդի սերը։ Մենք դիմակայելու ենք ամեն բանի։ Եվ մենք կհաղթենք։ Որովհետեւ նացիզմը պետք է կանգնեցվի»։
Սրան հետեւել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Կրեմլը «անկասկած լսել եւ ընդունել է» Վուչիչի ներողությունը։
«Տեխնիկական սխալներ լինում են։ Եվ, իհարկե, պետության ղեկավարի նման օպերատիվ արձագանքը գրավում է մեզ»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը փետրվարի 24-ի նիստում երկու բանաձեւ է ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Առաջինը ընդունվել է ԵՄ երկրների եւ Ուկրաինայի կողմից պատրաստված բանաձեւը։ Դրանում կոչ էր արվում թուլացնել լարվածությունը, դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել հակամարտության խաղաղ կարգավորումը։ Կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր։ Բանաձեւին դեմ քվեարկողների թվում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Հունգարիան։
Ավելի ուշ Գլխավոր վեհաժողովը հաստատել է նաեւ ԱՄՆ-ի նախաձեռնած «Խաղաղության ուղի» բանաձեւին։ Այս բանաձեւը փոփոխություննրի էր ենթարկվեկ եվրոպական երկրների կողմից։ Մասնավորապես, «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտություն» բառերը փոխարինվել են Ռուսաստանի կողմից «լիամասշտաբ ներխուժում» բառերով։ Բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 92 երկիր, դեմ՝ 8-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ է մնացել 73-ը։