Երեք տարի առաջ՝ փետրվարի 24-ին, ռուսական բանակը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինայի տարածք։ Եվրոպական երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ սկսեցին Ուկրաինային ռազմական ու ֆինանսական հսկայածավալ աջակցության տրամադրումը եւ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը՝ նպատակադրվելով Մոսկվային զրկել պատերազմ վարելու ունակությունից։ Առաջին հայացքից ամուր ու միասնական թվացող արեւմտյան երկրների այս ճակատը, որը խոստանում էր Ուկրաինային աջակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի, վերջին օրերին կարծես թե ճեղքվածքներ է տվել։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո որոշակի անհանգստություններ առաջ եկան եվրոպացի դաշնակիցների շարքերում։ Սա առաջին հերթին կապված էր ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ նրա մոտեցումների հետ, որը, եթե հակիրճ բնութագրենք, ենթադրում է հրադադարի հաստատում այժմ ձեւավորված ճակատային գծով եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում։ Ավելին՝ Թրամփի վարչակազմը մեծ արագությամբ փորձում է Ուկրաինայի հետ հողային հազվագյուտ մետաղների վերաբերյալ պայմանագիր կնքել՝ դա բացատրելով որպես Վաշինգտոնի մինչ այս ցուցաբերած աջակցության դիմաց տրվող փոխհատուցման միջոց։ Հակամարտության այսպիսի ավարտը կարող է ծանր լինել թե՛ Ուկրաինայի եւ թե՛ Եվրոպայի համար։ Սա կարող է ամրագրել ռուսական բանակի զավթած ուկրաինական տարածքների բռնակցման փաստը եւ Ռուսաստանին, որը դիտարկվում է որպես ագրեսոր, կամա թե ակամա դարձնել Եվրոպայում ձեւավորվող նոր անվտանգային ճարտարապետության ու տնտեսական համակարգի մաս։
Այլ կերպ ասած՝ իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենար, որից հնարավորինս փորձում էին խուսափել եվրոպական երկրները։ Այս պատճառով Ռիադում կայացած ռուս-ամերիկյան վերջին բանակցությունները նոր անհանգստություններ առաջ բերեցին Եվրոպայում, որոնք այժմ դիտարկում են հնարավոր բոլոր տարբերակները ուկրաինական հակամարտության կարգավորման մեջ ներգրավվածություն ունենալու համար։
Պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինան Եվրոպայի համար ռուսական տարածվող ագրեսիայի դիմակայման եւ իր անվտանգության ապահովման առաջնագիծ էր։ Այս համատեքստում ԱՄՆ-ի հետ համատեղ եվրոպական երկրները, գլխավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ակտիվ ներգրավմամբ, մտադրվել էին շարունակելու ռազմական աջակցության տրամադրումը եւ պատժամիջոցների քաղաքականությունը, մինչեւ որ հնարավոր լիներ Ռուսաստանի վարած հյուծող պատերազմը դարձնել հյուծիչ հենց իր համար։
2022-ի սեպտեմբերին Խարկովի ուղղությամբ ուկրաինական բանակի հաջողված հակահարձակումը էլ ավելի մեծ խթան դարձավ, որ թե՛ Ուկրաինայում եւ թե՛ Արեւմուտքում հույսեր առաջանային՝ կապված մարտի դաշտում իրադրության փոփոխության միջոցով հաղթանակի հասնելու հետ։ Սակայն իրադրությունը փոփոխվեց 2023 թվականի ամռանը, երբ հարավային ճակատում արեւմտյան ռազմական տեխնիկային լայնածավալ ներգրավմամբ ուկրաինական բանակի հակահարձակումը ձախողվեց։ Սա ակնհայտ դարձրեց այն, որ ամիսներ շարունակ ռուսական ամրացված դիրքերի գրոհով ճակատում բեկում մտցնել հնարավոր չէր, եթե դրա համար ծախսվող ահռելի տեխնիկական միջոցների արտադրությունն ու մատակարարումը չէին իրականացվում ժամանակին։ Պարզ էր, որ Ուկրաինայի արեւմտյան գործընկերները, չնայած մարտի դաշտում կատարվող փոփոխությունների հետ կապված մեծ հույսերին, բավարար ջանքեր չէին գործադրել սեփական ռազմական արդյունաբերության կարողությունները զարգացնելու եւ ռազմական տեխնիկայի մատակարարման շղթան կայուն պահելու համար, մինչդեռ Ռուսաստանը 2022-ի մայիսից անցել էր ռազմական տնտեսության, իսկ նույն տարվա աշնանը կատարել մասշտաբային զորահավաք։
Այսպիսի իրադրության պայմաններում ԱՄՆ-ից ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցումն էլ ուկրաինական հակահարձակումը ուղղակի դատապարտեց տապալման, որը, բացի մարդկային ու նյութական ռեսուրսների մեծաթիվ կորուստներից, որեւէ այլ բան չտվեց Կիեւին։
2024 թվականի օգոստոսին Կուրսկի մարզում ուկրաինական բանակի հարձակումը, չնայած որոշակի հաջողության, կրկին այդպես էլ չկարողացավ փոխել իրադրությունը մարտի դաշտում՝ մասնավորապես Դոնբասում, որտեղ ռուսական բանակը կարողացել էր լուրջ առաջընթաց գրանցել։ Վերջապես, որոշ վերլուծաբանների գնահատմամբ ,ճակատի այլ հատվածներում մարտերի ու ռուսական հարձակման ինտենսիվության թուլացման նպատակով էր, որ Կիեւը գնացել էր նման քայլի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ հայտարարեց, որ Կուրսկում գրաված տարածքները խաղաղության հավանական բանակցությունների ժամանակ կարող են որպես այլ տարածքների հետ փոխանակման միջոց դառնալ։ Չնայած Կիեւի այս խանդավառությանը՝ ակնհայտ էր, որ Արեւմուտքը հիացած չէր այդ քայլով, սակայն միասնականության դեմքը պահելու համար որոշում կայացվեց Ուկրաինային թույլատրել օգտագործել արեւմտյան արտադրության հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքի խորքերի թիրախները ոչնչացնելու համար՝ կրկին հղում կատարելով պետությունների ագրեսիայից ինքնապաշտպանվելու իրավունքին։
Այս ամենը եւ Դոնբասում ռուսական բանակի շարունակվող առաջխաղաղացումը հստակ դարձրին, որ արեւմտյան երկրները այլեւս չեն կարող ամբողջ հույսը կապել մարտի դաշտում Կիեւի համար բարենպաստ զարգացումների հետ։ Անհրաժեշտ էր առավել առարկայական ու կոլեկտիվ որոշում։ Գլխավորապես այս պատճառով էր, որ նախորդ տարվա սկզբում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հրավիրված երվրոպական երկրների գագաթնաժողովում առաջարկել էր դիտարկել Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը։ Թեեւ այդ ժամանակ նման հարցի քննարկումը մեծ արձագանք չէր գտել եվրոպացի առաջնորդների շրջանում, սակայն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո կարծես թե ամեն բան փոփոխվել է, եւ ներկայում քննարկման սեղանին է դրվել մինչեւ 30 հազարանոց խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելու հարցը։ Իհարկե, ոչ բոլոր երկրներն են կողմ նման ծրագրին, սակայն սրա առկայությունը հուշում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Եվրոպայի ներգրավվածությունը ուղղակի անհրաժեշտ է անվտանգության ապահովման տեսանկյունից։
Ավելին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս գրած հոդվածում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հստակ ընդգծում էր․ «Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում ունեցած ցանկացած դերակատարում թույլատրում է երաշխավորել մեր մայրցամաքի եւ այս երկրի անվտանգությունը»։ Հատկանշական է, որ Սթարմերը այս հայտարարությունը հնչեցնում էր փետրվարի 17-ին Փարիզում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից եւ փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից առաջ:
Սրան հաջորդում է փետրվարի 21-ի Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որ «Եվրոպան առաջիկա շաբաթներին պետք է հսկայածավալ պաշտպանական ծրագիր մշակի»։ Մակրոնը ընդգծել էր, որ թեեւ միասնական բանակ ունենալը հնարավոր չէ, այնուամենայնիվ, հնարավոր է միասնական պաշտպանական կարողություններ ունենալը, որը պետք է ապահովի ԱՄՆ-ից կախյալ վիճակի վերացումը։
Վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ Մակրոնի նման մոտեցումները արդեն կիսում են նաեւ Գերմանիայում։ Փետրվրի 24-ին Բոնդեսթագի ընտրություններում տարած հաղթանակից հետո Քրիստոնեադեմոկրատական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, ով առաջիկայում կդառան կանցլեր, հայտարարեց, որ Գերմանիան պաշտպանության համար այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ «միջուկային հովանոցին»։ Առաջարկելով սեփական լուծումը Մերցը հայտարարել է, որ պետք է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ, որպեսզի այս երկրները իրենց միջուկային պաշտպանության ներքո վերցնեն եվրոպական մյուս երկրներին:
Սրան պետք է ավելացնել, որ Եվրոպայի պաշտպանական միասնական համակարգի որոնման շուրջ մտորումների համար խթան դարձավ նաեւ պաշտպանական ծախսերը 5%-ով ավելացնելու Թրամփի կոչը՝ ուղղված եվրոպական երկրներին։ Սրա հետ միանգամից՝ հունվարի 22-ին, համաձայնել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը՝ նշելով, որ պաշտպանության ոլորտում ներդրումներ կատարելու ժամանակն է, քանի որ «հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Եվրոպայի պաշտպանական համակարգը կարող է փորձել արդեն 3-5 տարի հետո»։ Նույն օրը Եվրախորհրդարանում նման գնահատական էր հնչեցրել նաեւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը․ «Եթե Եվրոպան ցանկանում է գոյատեւել, ապա պետք է զինվի»։
Այսպիսով՝ իրադրաձությունների այս ընթացքը հստակ ցույց է տալիս, որ ուկրաինական հակամարտության լուծումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկխոսության միջոցով հրատապ է դարձնում եթե ոչ եվրոպական անվտանգային ընդհանուր համակարգի ձեւավորումը, ապա գոնե ընդհանուր անվտանգային սպառնալիքներին համատեղ դիմակայելուն ուղղված քայլերը։ Սա գլխավորապես այն պատճառով, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման դեպքում ռուսական հետագա ագրեսիային որպես առարկայական զսպիչ գործոն կարող է լինել հենց եվրոպական երկրների բանակներից կազմված խաղաղապահ ուժերի ներկայությունը։ Սակայն խնդիրն այստեղ հիմնականում այն է, որ ոչ բոլոր եվրոպական երկրներն են պատրաստ իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելուն, թեկուզ ճակատից հեռու ռազմավարական կետերում տեղակայվող խաղաղապահի կարգավիճակով։
Հատկանշական է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 12-ին Ուկրաինայի հարցով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ դրական է գնահատել եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարը։ «Եթե այդ զորքերը ցանկացած պահի որպես խաղաղապահ ուղարկվեն Ուկրաինա, ապա դրանք պետք է տեղակայվեն այնպիսի առաքելության շրջանակում, որը կապված չի լինի ՆԱՏՕ-ի հետ, եւ նրանց վրա չպետք է տարածվի [ագրեսիայի դեպքում փոխադարձ պաշտպանության մասին] 5-րդ հոդվածը»,- հայտարարել էր Հեգսեթը։
Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Մոսկվան տեղյակ է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի համար դա անընդունելի է, քանի որ անվտանգության առումով նոր մարտահրավերներ առաջ կբերի։
Այսպիսով՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ արագացված այս զարգացումները մեծացնում են հավանականությունը, որ առաջիկայում Եվրոպայի համար ընդհանուր անվտանգային համակարգի կամ գոնե ռազմավարության ձեւավորման հայեցակարգեր կարող են ի հայտ գալ, սակայն թե դրանք ինչպիսի տեսք ու գործնական դրսեւորում կարող են ունենալ, անհասկանալի է։ Անհասկանալի է նաեւ, թե խաղաղապահների տեղակայման վերաբերյալ խոր տարակարծություններ ունեցող եվրոպական երկրները ինչպես պետք է կյանքի կոչեն Ուկրաինայի, ապա նաեւ Եվրոպայի անվտանգության համար առանցքային այդ գործընթացը։ Հարց է նաեւ, թե արդյոք կհաջողվի Ռուսաստանին համոզել, որ ընդունի իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների ներկայությունը։
Այս եւ այլ շատ հարցերի պատասխաններ դեռ կհնչեն առաջիկայում եվրոպական երկրների գագաթնաժողովներից, Թրամփի եւ եվրոպացի առաջնորդների հանդիպումներից, ինչպես նաեւ ԱՄՆ-Ռուսաստան սպասվող բանակցություններից։

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։