Հայաստանը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական եւ քաղաքական կայունության ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում իր ելույթում։
«Մենք հետեւողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւոր նախապայման»,- հայտարարել է Միրզոյանը եւ հավելել, որ այս համատեքստում Երեւանը նաեւ դիտարկում է «Զենքերի առեւտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին՝ բարեխղճորեն կատարելով իր պարտավորությունները։
«Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության եւ կիրարկման բացակայության պատճառով ռեժիմն ակամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինությունները: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման եւ վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։
«Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձեւավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի եւ անվստահության նկատմամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։