Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց շատանում են համակարգչային հափշտակության դեպքերը․ ոմանք հաղորդագրություններ են ստանում եւ, չկռահելով հետեւանքների մասին, այլոց փոխանցում իրենց անձնական, բանկային տվյալները, երբեմն անգամ գաղտնաբառերը․․․ Ոմանք, չիմանալով, որ դա ծուղակ է, բացում են տարբեր հղումներ, ոմանք չեն կարողանում տարբերել կեղծ օգտահաշիվն իրականից, ոմանք էլ փորձում են առցանց գնումներ կատարել եւ ընկնում են զեղծարարների թակարդը․․․․ Այսպես այս մարդիկ դառնում են համակարգչային հափշտակության զոհեր։ Այս հանցատեսակների համար, բնականաբար, պատիժ է նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ գլխի 359-365-րդ հոդվածներով (Համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված) եւ 257-րդ (Համակարգչային հափշտակությունը) հոդվածով։
Վիճակագրություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր գարցման, տեղեկացրել է՝ 2021 թվականին արձանագրվել է համակարգչային հափշտակության 179, համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելու 5, համակարգչային տվյալ փոփոխելու 2, համակարգչային սաբոտաժի 5, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու 83, հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառության 1 դեպք: Ընդհանուր առմամբ արձանագրվել է կիբերհանցագործության 275 դեպք:
2022 թվականին արձանագրվել է համակարգչային հափշտակության 387, համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելու 7, համակարգչային տվյալ փոփոխելու 5, համակարգչային սաբոտաժի 6, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու 38, համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելու 2 դեպք: Ընդհանուր առմամբ արձանագրվել է կիբերհանցագործության 445 դեպք:
2023 թվականին արձանագրվել է համակարգչային հափշտակության 471, համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելու 5, համակարգչային տվյալ փոփոխելու 6, համակարգչային սաբոտաժի 7, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու 17, համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելու 1 դեպք: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 507 դեպք:
2024 թվականին ընդհանուր առմամբ արձանագրվել է 807 դեպք, որից համակարգչային հափշտակության 752, համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների 55 դեպք:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կիբերհանցագործության դեպքերը տարեցտարի ավելանում են։
Վերոնշյալ հանցատեսակների դեպքում օգտագործվում են լայն տարածում ստացած սոցիալական ցանցերը (Facebook, Instagram, Tiktok), հեռահաղորդակցական հավելվածները (WhatsApp, Viber, Telegram), ինչպես նաեւ կրիպտոարժույթային տարբեր հարթակները: Բացի թվարկվածներից՝ օգտագործվում են նաեւ ժամանակավոր էլեկտրոնային հասցեներ գեներացնող կայքեր, վիրտուալ հեռախոսահամարներ վաճառող կայքեր, ինչպես նաեւ IP հեռախոսային համակարգեր:
Պետության պայքարը կիբերհանցագործության դեմ
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է՝ կիբերհանցավորությունից տուժած քաղաքացիների թվաքանակի, քաղաքացիներին պատճառված վնասի չափի, կիբերհանցագործություններով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի եւ գրությամբ նշված մանիպուլյացիոն հնարքների հետեւանքով առանձնապես խոշոր չափերի հափշտակության զոհ դարձած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաշվառում չի իրականացվել:

Լուսանկարը՝ ՆԳՆ կայքից
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշտապես կազմակերպվում են կանխարգելիչ միջոցառումներ․ մասնավորապես՝ հեռուստատեսությամբ, սոցիալական հարթակներով եւ տարբեր զանգվածային լրատվական միջոցներով իրականացվում են իրազեկման արշավներ։ Բացի դրանից՝ նախակրթական հաստատություններում համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից պարբերաբար անցկացվում են հատուկ դասաժամեր՝ նվիրված կիբերհանցագործություններին, այդ թվում այն տեսակներին, որոնք ուղղված են լինում նաեւ անչափահասների դեմ»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Կիբերհանցագործությունների ծավալը նվազեցնելու նպատակով կատարվել են նաեւ օրենսդրական փոփոխություններ։ 2024 թվականին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով ՀՀ քրեական օրենսգրքում սահմանվեց կիբերհանցագործությունների ցանկը, տրվեց կրիպտոակտիվների սահմանումը, հստակեցվեցին կրիպտոակտիվների շրջանառության հիմնական կանոնները, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ եւ լրամշակումներ՝ ուղղված կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների ունեցած իրավական գործիքակազմի արդյունավետության բարձրացմանը։
Կիբերհանցագործության ծավալը նվազեցնելու նպատակով կրթական հաստատություններում ուսումնասիրում են մեդիագրագիտություն։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մեդիագրագիտությունը հռչակված է թիրախային ուղղություն Հայաստանի Հանրապետությունում եւ դարձել է կրթական համակարգի առանցքային կարողունակություններից մեկը: 2024 թվականին հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը:

լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության կայքից
«Մեդիագրագիտությունն ինտեգրված է ՀՀ կրթական համակարգում, այն ուսուցիչների կրթության եւ վերապատրաստումների պարտադիր մաս է։ Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչում եւ օրինակելի ծրագրում ներառված է «21-րդ դարի հմտությունների խթանում» բաժինը, որի համաձայն՝ մեդիագրագիտության թեմայով վերապատրաստումները դարձել են պարտադիր բոլոր ուսուցիչների համար: Շարունակական մասնագիտական զարգացման նպատակով մշակվում է «Մեդիագրագիտություն» թեմայով դասընթացի մոդուլ եւ ուղեցույցներ՝ նախատեսված ուսուցիչների համար»,- մանրամասնում է Արաքսիա Սվաջյանը։
ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Սովորողների մեդիագրագիտության հմտությունների զարգացում» միջոցառումը պետական չափորոշիչներում սահմանված վերջնարդյունքների հիման վրա մեդիագրագիտության մակարդակը բարելավելու նպատակով:
Ըստ ԿԳՄՍ-ի՝ «Ալիք Մեդիային» տրամադրած տվյալների՝ 2021-2024 թվականների ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվել են հետեւյալ միջոցառումները.
1) Ստեղծվել է «Մեդիագիտություն» ուսումնական ձեռնարկ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ:
2) 2022 թ. կազմակերպվել են 10-օրյա վերապատրաստումներ ՀՀ Տավուշի մարզում՝ մեդիագրագիտության բաղադրիչների ընդգրկմամբ, ապահովվել է նյութերի մշակում՝ մեդիատիրույթի վերաբերյալ գիտելիքների խորացման նպատակով:
3) Սովորողները (7-12-րդ դասարաններ) պարտադիր իրականացնում են առնվազն մեկ ուսումնական նախագիծ, ծրագրի շրջանակում զարգացվում են քննադատական մտածողություն, մեդիահմտություններ եւ մեդիայի հետազոտման կարողություններ:
4) Իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, 2022-2023 թթ. վերապատրաստվել է շուրջ 1100 հասարակագիտության ուսուցիչ:
5) Մշակված 60 մեդիանախագիծ տեղադրված է ԿԶՆԱԿ-ի բլոգում:
6) Իրականացվել են մեդիագրագիտությանն ուղղված կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ։
Հանրակրթության ոլորտում կիբերհանցագործությունների կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է ՀՀ ուժային կառույցների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Կիբերհանցագործությունների թիվը նվազեցնելու նպատակով հանրակրթական ուսումնական հաստատություններում ոստիկանության ծառայողների կողմից տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում է «Ոստիկանը դպրոցում» ծրագիրը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է նաեւ միջազգային կառույցների հետ:
«2024 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվել է «Երեխաներին կազմակերպված կիբերհանցագործություններից եւ առցանց վտանգներից պաշտպանելու դիմակայունության ամրապնդում եւ երեխաների պաշտպանություն» ծրագիրը` երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված քաղաքականություն մշակելու եւ կարողություններ զարգացնելու նպատակով»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ հայտնել է Արաքսիա Սվաջյանը։
Անվտանգ եւ որակյալ համացանցի, կիբերանվտանգության ապահովման նպատակով ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները եւ 30 նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդգրկված են Հայաստանի կրթական ցանցում եւ ապահովված են մեկ կենտրոնից տրվող, ապահով եւ որակյալ համացանցով:
2022 թվականին ստեղծվել է «Կիբերանվտանգության կանոններ ծնողների եւ ուսուցիչների համար» ուղեցույցը։ 2024 թվականին ԿԳՄՍ նախարարության եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ ստեղծվել է «Մեդիագիտություն» ուսումնական ձեռնարկը: Մեդիագրագիտությունն ինտեգրված է «Հասարակագիտություն» եւ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաների չափորոշիչներում եւ ուսումնական ծրագրում, միաժամանակ միջառարկայական կապով մեդիագրագիտության թեմայով նյութեր առկա են հանրակրթական բոլոր պարտադիր առարկաներում:
Ի՞նչ անել զեղծարարների թակարդը չընկնելու համար
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարբերաբար ֆեյսբուքյան գրառումներ է կատարում՝ քաղաքացիներին խորհուրդ տալով աչալուրջ լինել ու չխաբվել։ Երբ ինչ-որ անծանոթ էջ առաջարկում է սեղմել հղումն ու ստանալ նվերներ, անվճար ծառայություններ կամ գումար, պետք է հասկանալ՝ դա ամենայն հավանականությամբ ծուղակ է, ուստի չպետք է անցնել այդ հղումով։
Չի կարելի նաեւ անձնական կամ բանկային տվյալները փոխանցել կասկածելի օգտահաշիվներին կամ անծանոթներին։ Վերջերս Սիգնալով եւ Վոթսափով հաքերները հղումներ են ուղարկում՝ առաջարկելով իբր ինչ-որ խմբի միանալ․ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նաեւ այս հղումները չբացել եւ առհասարակ ինչ-որ հղում բացելիս կամ ինչ-որ մեկին տվյալներ փոխանցելիս աչալուրջ լինել զեղծարարության զոհ չդառնալու համար։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։