Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այդ մասին «Ազատությանը» հաղորդել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում եւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- նշել է Բադալյանը։
Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները Ադրբեջանին ներկայացվել էին շուրջ 3 ամիս առաջ: Վերջին ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Սյունիքով դեպի Նապիջեւան։ Նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն Երասխից Մեղրի՝ Նախիջեւանի տարածքով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի սկզբին Հայաստանից պահանջել էր անխոչընդոտ անցում ապահովել դեպի Նխիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է ճանապարհների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անխախտելիության սկզբունքով։ Այս համատեքստում Հայաստանը ընդգծել է, որ միջանցքային ցանկացած տրամաբանություն մերժում է։