Հայ-իրանական համակեցությունը, 20-րդ դարակեսի իրանահայերի միջավայրը եւ ապրելակերպը ներկայացնող «Առանց ինձ ո՞նց ես մնալու» պատմվածքների ժողովածուն արդեն գյումրեցի ընթերցասերների սեղանին է: Շնորհանդեսը Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում էր:
Գրքի հեղինակը իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանն է: Պատմվածքների հերոսները հասարակ կյանքով ապրող իրանահայեր են, որոնք, հաղթահարելով դժվարությունները, շարունակում են ապրել՝ պահպանեով գեղեցկությունը տեսնելու հատկությունը:
Իրանահայերի կյանքի բեկումնային իրադարձությունները՝ գյուղերից քաղաք տեղափոխվելը, հողից ու բնաշխարհից կտրվելը, Խորհրդային Հայաստանում հաստատվելը, արտագաղթը, ընտանիքների բաժանումը, մարդկանց հոգեբանության վրա ավերիչ ազդեցություն թողած այլ իրադարձություններ գրքում ներկայացված են պարզ, մարդկային պատմություններին զուգընթաց:
Ժորժ Աբրահամյանն աում է՝ զգուշորեն եւ ակնածանքով է ներկայացրել իրանահայերի գողտրիկ ու փխրուն աշխարհը, ոչ մի ավելորդ բառ, հերոսներին իդեալականացնելու ձգտում չի ունեցել, ոչ էլ նրանց տառապանքն ու ողբերգությունը ընդգծելու միտում: «Ուղղակի մարդկային կյանքն եմ ներկայացրել, որտեղ կորուստներն ու ձեռքբերումները հաջորդում են միմյանց: Այստեղ կարեւոր է այն, թե ինչպես ապրես այդ կյանքը՝ դժգոհելո՞վ, թե՞ փոքրիկ ուրախությունները վայելելով եւ շնորհակալությամբ»,- ասում է գրքի հեղինակը:
Գրքի շնորհանդեսն առիթ էր դարձել, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին եւս մեկ անգամ Գյումրի այցելեր:
Դեսպանն ասաց՝ գիրքը երկու երկրների՝ Հայաստանի եւ Իրանի կապերն ավելի է ամրապնդում: «Գիր ու գրականության միջոցով ավելի ամուր ենք կապվում, այսպիսի կապի ազդեցությունն էլ ավելի երկար է ու հիմնավոր: Կառավարությունները գալիս, գնում են, բայց միջմշակութային երկխոսությունը եւ դրանք ստեղծող մարդիկ մնում են հավերժ,- ասաց դեսպանն ու հավելեց,- իրանահայ համայնքը մեր լավագույն համայնքն է: Իրանահայերը դարերով սերտ կապեր են ունեցել մեզ եւ մեր երկրում ապրող այլ մարդկանց հետ: Իրանի կառավարության վերաբերմունքը հատուկ է եղել հայերի հանդեպ, նրանց դերը մեր երկրում մեծ է, չկա ոլորտ, որտեղ հայերը զգալի դրական ազդեցություն չունենան»:
Մեհդի Սոբհանին հայտնեց նաեւ, որ իր խնդրանքով «Առանց ինձ ո՞նց ես մնալու» պատմվածքների ժողովածուն Ժորժ Աբրահամյանը թարգմանում է պարսկերեն: Դեսպանը խոստացավ մոտ ապագայում եւս մեկ անգամ Գյումրի գալ՝ այս նույն գրքի արդեն պարսկերեն հրատարակության շնորհանդեսին:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։