ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իրատեսական չի համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու դեպքում Կիեւին միջուկային զենք տալու նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջը։
Ռուբիոն Breitbart գործակալությանը տված հարցազրույցում «լուրջ» չի համարում Զելենսկու առաջարկը եւ չի հավատում, որ «միջուկային զենք ստանալը խնդրի լուծումն է»։ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հավելել է, որ միջուկային տերությունները պետք է ավելի քիչ լինեն եւ ոչ թե շատանան։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ արեւմտյան գործընկերների կողմից միջուկային զենքի փոխանցումը կարող է լինել Ուկրաինայի անվտանգության բավարար երաշխիք։ Նա նշել էր, որ դա կօգնի հետ պահելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նոր հարձակումից, նույնիսկ եթե Ուկրաինան չընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ։
Breitbart-ին տված հարցազրույցում Ռուբիոն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հարաբերությունների պատմությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի ամենավատ օրերին «Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները պահպանել են հարաբերությունները»։
«Մենք ամեն դեպքում շփվել ենք։ Փառք Աստծո, որ մենք շփվել ենք, օրինակ, [Կուբայի] հրթիռային ճգնաժամի ժամանակ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Խոսելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարի մասին՝ Ռուբիոն նշել է, որ այժմ առաջնահերթությունը ռուս-ուկրաինական «պատերազմը գոնե ինչ-որ տեւական հրադադարի հասցնելն է կամ ընդհանրապես դրան վերջ դնելը»։