Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների վերաբերյալ որեւէ առաջարկ չի ստացել: Այդ մասին ասվում է շարժման պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Շարժմանը երկրորդ փուլի առաջարկներ չեն ներկայացվել՝ չնայած դրան մեր պատրաստակամությանը եւ համաձայնագրի բոլոր փուլերն ավարտին հասցնելու մեր ցանկությանը»,- ասվում է հայտարարության տեքստում։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ պաղեստինցի բանտարկյալների յոթերորդ խմբի, ինչպես նաեւ իսրայելական բանտերում գտնվող կանանց եւ երեխաների ազատ արձակումը նախատեսվում է իրականացնել պատանդների մնացած մարմինները Իսրայելին հանձնելու օրը: Շարժումը հայտնել է, որ «փոխանակման ամսաթիվը կհայտարարվի համապատասխան պահին»։
Պաղեստինյան դիմադրության շարժումը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը կազատի մի խումբ պաղեստինցի բանտարկյալների, որոնք պետք է ազատ արձակվեին դեռ փետրվարի 22-ին՝ իսրայելցի պատանդների մարմինները փոխանցելու դիմաց։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Կահիրեում կայացած բանակցություններից հետո, որտեղ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ Հայայի գլխավորած շարժման պատվիրակությունը Եգիպտոսի պաշտոնյաների հետ քննարկել է նաեւ «հրադադարի համաձայնագրի կատարումը, պատանդների փոխանակումը եւ բանակցությունների երկրորդ փուլի հեռանկարները»:
Փետրվարի 23-ի գիշերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելը որոշել է հետաձգել ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների փետրվարի 22-ին նախատեսված արձակման գործընթացը, մինչեւ ՀԱՄԱՍ-ը չհրաժարվի Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման ժամանակ իրագործվող արարողություններից։
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին եւ շրջանում հրադադար հաստատել։ Համաձայնագիրը, որը ներառում է երեք փուլ, ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։