Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիեւի եւ Վաշինգտոնի միջեւ ձեռք է բերվել «շրջանակային համաձայնագիր» բնական ռեսուրսների վերաբերյալ։ Այդ մասին նա ասել է փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ հիմնական հարցերը, որոնք ինքը բարձրացրել է ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում, պատշաճ կերպով արտացոլված են համաձայնագրի տեքստում։
«Ինձ համար գլխավորն այն էր, որ մենք պարտապան չենք, համաձայնագրի մեջ չկան ո՛չ 500, ո՛չ 350, ո՛չ էլ 100 միլիարդի պարտք։ Դա անարդար կլինի մեր նկատմամբ»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ նշել է, որ համաձայնագրում անվտանգության երաշխիքներ չկան այն ձեւով, որով Ուկրաինան կցանկանար տեսնել նրանց, բայց դրանք նշված են այնտեղ։
«Այնտեղ անվտանգության բոլոր երաշխիքները չկան, որոնք կցանկանար տեսնել Ուկրաինան, բայց ես ուզում էի, որ դրանում երաշխիքների մասին գոնե մի նախադասություն լիներ, եւ դա շրջանակային համաձայնագրում կա, 10-րդ կետն է, կարծում եմ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի ներկայացուցիչները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնեցրել են բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները։
Ըստ Financial Times-ի՝ Կիեւը համաձայնել է պայմանագիր ստորագրել ուկրաինական հանքային ռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի համատեղ զարգացման վերաբերյալ, երբ Վաշինգտոնը հրաժարվել է բնական պաշարների շահագործումից 500 միլիարդ դոլարի հնարավոր եկամուտ ստանալու պահանջից:
Համաձայնագրի վերջնական տարբերակը, որը թվագրված է փետրվարի 24-ով, նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որին Ուկրաինան կներդնի օգտակար հանածոների, ինչպես նաեւ նավթի եւ գազի արդյունահանումից ստացվող ապագա եկամուտների 50%-ը։ Հիմնադրամը ներդրումներ կկատարի Ուկրաինայում իրականացվող նախագծերում։
Համաձայնագրի տեքստը հրապարակել է «Украинская правда»-ն։ Դրանում նշված անվտանգության երաշխիքի վերաբերյալ նախադասությունը հետեւյալն է․ «ԱՄՆ կառավարությունն աջակցում է ձեռք բերելու անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի ջանքերին, որոնք անհրաժեշտ են հարատեւ խաղաղություն հաստատելու համար։ Մասնակիցները կփորձեն որոշել փոխադարձ ներդրումները պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը»։