Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա) հավելյալ ուժեր է ուղարկել Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Զորքերի տեղափոխությունը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի սկզբից, հայտնում են հարավկորեական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ազգային հետախուզությունը։
Հաղորդվում է, որ միայն այս տարվա հունվար-փետրվարին Ռուսաստան է ուղարկել մինչեւ երեք հազար զինվորականի։ Նրանց շարքում են մոտոհրաձգային, ինժեներական եւ հետախուզական ստորաբաժանումներ, որոնք նախորդ տարի չէին մասնակցել մարտերին։ «Կուրսկի ճակատ» զորքերի տեղափոխումն իրականացվել է ռուսական բեռնատար նավերով եւ ռազմական ինքնաթիռներով։
Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ ԿԺԴՀ բանակն ու ժողովուրդը շարունակական աջակցություն կցուցաբերեն Ռուսաստանին «իր սրբազան պայքարում»։
2024 թվականի աշնանը ուկրաինական կողմը Կուրսկի մարզ տեղափոխած ԿԺԴՀ զորքերի առաջին խմբի չափը գնահատել էր 11 հազար մարդ։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, եւս 2700-ը վիրավորվել։
Մոսկվան եւ Փհենյանը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել, որ հյուսիսկորեական զորքերը տեղափոխվել են Ռուսաստան եւ մասնակցություն ունեցել մարտերին։