Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիաշվիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմաը քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը եւ անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։
«Այս համատեքստում նշվել է Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային կարեւոր դերակատարի։ Մակա Բոչորիշվիլին եւս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացին»,- ասվում է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանն էլ նշել է, որ վրացի գործընկերոջ հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարեւոր հարցեր, այդ թվում՝ սկզբունքներ, որոնք կարող են խաղաղություն եւ բարգավաճում հաստատել տարածաշրջանում։
Հանդիպմանը նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։
Նշելով Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ձեւաչափերով հարաբերությունների զարգացման կարեւորությունը՝ Բոչորիշվիլին հայտարարել է․ «Հարաբերությունները, որոնք զարգացել են տասնամյակների ընթացքում տարբեր ձեւաչափերով, թույլ են տվել մեզ մշակել բազմաթիվ բազմազան եւ օգտակար նախագծեր: Հուսով եմ, որ ձեր օգնությամբ այս ծրագրերն ու գործողությունները կարող են շարունակվել ապագայում»։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ «հատուկ շեշտադրվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության պլատֆորմի կարեւորությունը, որի շրջանակում երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում»։
Կողմերն ընդգծել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու եւ Հարավային գազային միջանցքի նախագծերի կարեւորությունը՝ հաշվի առնելով այսպես կոչված «Միջին միջանցք» հայեցակարգը։