Հայաստանում շահումով խաղերի ոլորտը 2025 թվականի ապրիլի 1-ից կարող է ենթարկվել լրացուցիչ հարկման (10% շրջանառության հարկ)։ Երեկ՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի փաթեթով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի շահումով խաղերի եւ խաղատնային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է՝ խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Նախագիծը կներառվի ԱԺ հաջորդ լիագումար նիստի օրակարգում եւ կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն էր տվել օրենսդրական այս նախաձեռնությանը։ Սակայն քննարկումից հետո օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվեց երկու շաբաթով։ Այս ընթացքում կառավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել։
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն իր ներկայացրած նախաձեռնությունը հիմնավորում է հետեւյալ կերպ․ այս ոլորտում եկամուտները շեշտակի աճել են վճարվող հարկերի համեմատ։ Դա, ըստ պատգամավորի, պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունները վճարում են եկամտահարկ։ Ընդ որում՝ փաստացի շահույթի ցուցանիշերը ստուգելն ուղղակի անհնար է․ հարկային մարմինները ստիպված են ընդունել իրենց կազմակերպությունների տրամադրած տվյալները որպես իսկություն։ Հայկ Սարգսյանը նաեւ հիշեցրել է՝ 2010 թվականին առցանց շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է մոտ 14 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին աճել է ավելի քան 440 անգամ։ Ընդ որում՝ հավաքված հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։
Ի դեպ, Կառավարության նիստի ընթացքում նախորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու օր սահմանել ապրիլի 1-ը։
Պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է փոխել շահումով առցանց խաղերի եւ առցանց խաղատների հարկման համակարգը։ Սակայն տոտալիզատորներն ու բուքմեյքերները չեն ներառվել այս ցանկում։
Չնայած սահմանափակումներին՝ Հայաստանում խաղադրույքների ծավալները տարեցտարի աճում են
Հայաստանում խաղատների, ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի գործունեությունը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքներով։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մշակած, 2024 թվականի հունիսին ընդունված «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվել են մի շարք հասկացություններ, այդ թվում՝ «պատասխանատու խաղ» (Responsible Gaming) եւ «արդար խաղ» (Fair Game Play), որի արդյունքում պետք է ապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր կողմերի համար՝ խաղացողներին առավելագույնս զերծ պահելով խաղամոլությամբ տարվելու վտանգից։
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանափակվել է մի խումբ քաղաքացիների՝ խաղերին մասնակցելու իրավունքը։ Ընդ որում՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված որեւէ տեսակի նպաստի նպաստառու են, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ Կառավարության սահմանած աջակցության որեւէ ծրագրից, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Խաղերին մասնակցելու սահմանափակումները շարադրված են «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 47-րդ, 48-րդ եւ 49-րդ հոդվածներում։
2202 թվականին արգելվեց խաղատների, շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը։ Արգելվեց նաեւ կանխիկ եղանակով վիճակախաղերի հաշիվներին գումար մուտքագրել-ելքագրելը։ Չնայած այս սահմանափակումներին՝ խաղադրույքների չափերը տարեցտարի ավելանում են։
Պետական եկամուտների կոմիտեի՝ Շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը, ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման, նշել է, որ համաձայն խաղատան կազմակերպիչների ներկայացրած ֆինանսական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունների՝ 2023 թվականին խաղատներում կատարվել է 111 807 820 995 (111 միլիարդ 807 միլիոն 820 հազար 995) ՀՀ դրամի խաղադրույք, իսկ 2024 թվականին՝ 106 407 491 420 (106 միլիարդ 407 միլիոն 491 հազար 420) ՀՀ դրամի խաղադրույք։
Ավելի շատ խաղադրույքներ են կատարվում ինտերներ շահումով խաղերում։
Համաձայն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ներկայացրած ֆինանսական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունների՝ 2023 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարվել է 6 319 234 617 789 (6 տրիլիոն 319 միլիարդ 234 միլիոն 617 հազար 789) ՀՀ դրամի խաղադրույք, իսկ 2024 թվականին՝ 7 130 083 022 717 (7 տրիլիոն 130 միլիարդ 83 միլիոն 022 717) ՀՀ դրամի խաղադրույք։ Այսինքն՝ 2024 թվականին ընդհանուր առմամբ խաղատներում, ինտերնետ շահումով խաղերում կատարվել է 7 տրիլիոն 236 միլիարդ 490 միլիոն դրամ (կամ 18 միլիարդ 248 միլիոն դոլար) խաղադրույք։
Հայաստաում խաղադրույքների ծավալները վերջին տարիներին շեշտակի աճել են․ 2017 թվականին կատարվել էր ընդամենը 138,5 միլիարդ դրամ, 2018 թվականին՝ 333,6 միլիարդ դրամ խաղադրույք։ Իսկ 2019 թվականին այդ թիվը եռապատկվել է՝ հասնելով 1,1 տրիլիոն դրամի։
Առաջիկա հրապարակումներում կներկայացնենք, թե իր քվեարկությամբ ինչ որոշում կկայացնի օրենսդիր մարմինը՝ շահումով խաղերի ոլորտում լրացուցիչ հարկեր սահմանելու վերաբերյալ։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։