«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլա Օջալանը, որը գտնվում է թուրքական բանտում, կոչ է արել լուծարել իր գլխավորած կազմակերպությունը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել փետրվարի 27-ին, հայտնում է CNN Turk-ը։
«Ես կոչ եմ անում զենքերը վայր դնել և պատմական պատասխանատվություն եմ ստանձնում այս կոչի համար։ Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքերը, իսկ ՔԱԿ-ը պետք է ինքնալուծարվի»,– ասվում է Օջալանի հայտարարության մեջ։
Օջալանի՝ թուրքերեն եւ քրդերեն հայտարարությունը ընթերցել են Ժողովրդավարական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, որոնք փետրվարի 27-ին հանդիպել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդի հետ Ստամբուլի մոտ գտնվող Իմրալը կղզու բանտում։
Հանդիպումից հետո լրատվամիջոցները տարածել են Օջալանի լուսանկարը։ Լուսանկարը հրապարակել է լրագրող Լիզա Շիշկոն, որը բնակվում է Սիրիայի Քուրդիստանում։
Կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայիլանը հայտարարել է, որ շարժումը վայր չի դնի զենքերը, քանի դեռ Օջալանը ազատ չի արձակվել։
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը քրդերի գլխավոր ռազմականացված կազմակերպությունն է։ Թուրքիայում եւ եւս շուրջ 40 երկրներում այն հայտարարված է ահաբեկչական կազմակերպություն։
Աբդուլլա Օջալանը քուրդ հասարակական գործիչ է, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիրն ու առաջնորդը։ 1999 թվականից նա ցմահ ազատազրկված է թուրքական բանտում՝ Իմրալը կղզու վրա։