ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում փետրվարի 27-ին կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ։
Ավելի վաղ կողմերը հայտարարել էին, որ հանդիպումը նվիրված էր լինելու դիվանագիտական առաքելությունների գործունեության հարցերին։ Շուրջ վեց ժամ տեւած բանակցություններից հետո ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան կողմը հայտարարություն այդպես էլ չարեցին հանդիպման վերաբերյալ։ Նույնիսկ պատվիրակությունների կազմի վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվել։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «կառուցողական քննարկումների ընթացքում երկու կողմերը որոշել են երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը կայունացնելու համար անհրաժեշտ որոշակի նախնական քայլեր կատարել»։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն` ամերիկյան կողմը «մտահոգություն է հայտնել բանկային ծառայությունների եւ պայմանագրային ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն թվաքանակ ապահովելու անհրաժեշտությունը»։
Գերատեսչության հայտարարությունից հասկանալի է դառնում, որ Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը, իսկ ռուսական կողմը ներկայացրել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը։
Կողմերը համաձայնել են մոտ ժամանակում անցկացնել նոր հանդիպում, որի ամսաթիվը եւ վայրը կորոշվեն ավելի ուշ։
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը առաջին բանակցությունները ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո վարեցին փետրվարի 18-ին Ռիադում։ Կողմերը քննարկել էին ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին նաեւ Մոսկվայում եւ Վաշինգտոնում վերականգնել դեսպանատների աշխատակիցների նախկին թվաքանակը, ինչպես նաեւ վերագործարկել դիվանագիտական հաստատությունների աշխատանքը սովորական ռեժիմով։