Ստամբուլում կայացած խորհրդակցությունների ընթացքում ամերիկյան պատվիրակությունը ռուսական կողմին պաշտոնական նոտա է հղել՝ համաձայնություն (ագրեման) տալով Ռուսաստանի ԱԳՆ-ի Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւի՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվելու համար։
«Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների ընթացքում, որոնք նվիրված էին երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության նորմալացման հարցերին, ամերիկյան կողմը հղեց պաշտոնական նոտա՝ համաձայնություն տալով Ռուսաստանի ԱԳՆ-ի Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Նիկոլաեւիչ Դարչիեւի նշանակմանը որպես Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ԱՄՆ-ում»,- տեղեկացրել են նախարարությունից։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ «նրա մեկնումը ծառայության վայր՝ Վաշինգտոն, սպասվում է մոտ ապագայում»։
Ալեքսանդր Դարչիեւը սկսել է աշխատել ԱԳՆ համակարգում 1992 թվականին։ 1990-ականների կեսերին նա դարձել է Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի բաժնի պետ, 2003 թվականին՝ դեպարտամենտի փոխտնօրեն։ 2005-2010 թվականներին նա եղել է Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ ԱՄՆ-ում, իսկ 2014-2021 թվականներին՝ Ռուսաստանի դեսպանը Կանադայում։
Փետրվարի 27-ին Դարչիեւը մասնակցել է Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան հանդիպմանը, որը, ըստ տեղեկությունների, նվիրված էր դեսպանությունների գործունեությանը։ Հանդիպման արդյունքներով Ռուսաստանը առաջարկել է ԱՄՆ-ին վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը։
ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը ավարտել է իր աշխատանքը 2024 թվականի հոկտեմբերին։ Նա ղեկավարել է Ռուսաստանի դեսպանությունը ԱՄՆ-ում 2017 թվականի օգոստոսից։