Հայաստանը «պատերազմական հանցագործությունների» համար մեղադրվող մարդկանց դատավարությունը ողջունելու փոխարեն դրանք անվանում է «բեմականացված»։ Այսպիսի հայտարարություն հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձգանքելով այսօր Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որը վերաբերում էր հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վիճակին եւ դատավարություններին։
«Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- ասվում էր ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության տեքստում:
Հաջիզադեի խոսքերով՝ Բաքուն արդեն մարդասիրական վերաբերմունք է դրսեւորել եւ «հետեւելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի»։ Նրա խոսքերով մարդասիրության ժեստ էր նաեւ 2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողների հեռանալը թույլ տալը։
«Հայաստանի պետական պատասխանատվությունը եւ այլ անօրինական գործողությունները՝ որպես օկուպանտ եւ ագրեսիվ երկրի, փաստ է, որը չի կարելի հերքել։ Հանցագործներին պատասխանատվության ենթարկելը արդարացի է, որը քաղաքական մանիպուլյացիաների չի կարող ենթարկվել»,- ասել է Հաջիզադեն։
Նշենք նաեւ, որ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության եզրափակիչ հատվածում ընդգծվում է, որ «հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն եւ անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթակներում եւ ձեւաչափերով՝ ակնկալելով լուծումներ եւ դրական առաջընթաց»: