Իրանը ուժեղացնում է երկրի պաշտպանունակությունը Իսրայելի մշտական ռազմական սպառնալիքներին պատասխանելու համար եւ սա համարում է տրամաբանական քայլ։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարարն ու սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) այլ պաշտոնյաները շարունակաբար սպառնում են Իրանին ռազմական գործողություններով, մինչդեռ Արեւմուտքը մեղադրում է Իրանին իր պաշտպանունակությունը ամրապնդելու համար։ Սա աբսուրդ է եւ ոչ տրամաբանական»,– գրել է նա X-ում։
Նրա խոսքով՝ Թեհրանի գործողությունները, որոնք միտված են երկրի պաշտպանական ներուժի ամրապնդմանը, օրինաչափ եւ տրամաբանական քայլ են։
Փետրվարի 26-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը եվրոպական Politico պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի կողմից սեփական միջուկային զենքի մշակումը կանխելու համար կարող է այլ պետությունների միջամտությամբ «ռազմական տարբերակի» դիմելու անհրաժեշտություն լինի։
Փետրվարի 10-ին Դոնալդ Թրամփն իր կարծիքն էր հայտնել, որ Թեհրանի միջուկային զենքի մշակումը հնարավոր է կանգնեցնել կա՛մ «ռումբերի միջոցով», կա՛մ պայմանագիր ստորագրելով։ Նա հավելել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնագիր կնքել՝ առանց «ռմբակոծությունների»։