ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, որը վերածվել է կոշտ երկխոսության եւ մեղադրանքների փոխանակման։
Հանդիպումը կայացել է Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։ Հանդիպման սկզբում նախագահները հայտարարել են, որ նախատեսում են ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ Թրամփը լրագրողներին ասել է, որ այս փաստաթուղթը կդառնա «ԱՄՆ-ի մեծ պարտավորությունը»։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ սկսենք փորել, փորել, փորել եւ աշխատել, որպեսզի ստանանք հազվագյուտ մետաղների մի մասը»,- ասել է Թրամփը։ Զելենսկին, իր հերթին, հույս է հայտնել, որ «այս փաստաթուղթը կլինի առաջընթացի քայլ Ուկրաինայի համար»։
Հանդիպման ընթացքում Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մարդասպան եւ ահաբեկիչ» եւ հայտարարել Թրամփին, որ «մարդասպանի հետ չպետք է փոխզիջումներ լինեն»։ Նա հանդիպման ժամանակ նշել է, որ Ուկրաինային «պարզապես հրադադարի հաստատում պետք չէ», քանի որ «Պուտինը 25 անգամ խախտել է այն»։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ եթե կողմերը խաղաղության համաձայնագիր կնքեն, պատերազմը կավարտվի։
«Ռուսաստանը չի ցանկանա վերադառնալ [պատերազմին], ոչ ոք չի ցանկանա վերադառնալ»,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համար Վաշինգտոնը «սկսել է մշակել գործարքի պայմանները»։
Հանդիպման 45-րդ րոպեին Զելենսկու, Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ բանավեճ է սկսվել։ Հանդիպման տեսագրությունից հետեւում է, որ Վենսը Զելենսկուն մեղադրել է ԱՄՆ-ի եւ Թրամփի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
«Պարո՛ն նախագահ, ամենայն հարգանքով։ Կարծում եմ, որ անհարգալից է, որ դուք եկել եք Օվալաձեւ աշխատասենյակ եւ փորձում եք լուծել հարցերը ամերիկյան լրատվամիջոցների առջեւ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Երբ Զելենսկին փորձել է առարկել, Թրամփն ասել է. «Դուք լավագույն դիրքում չեք։ Այժմ դուք առավելություններ չունեք։ Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ։ Դուք խաղում եք Երրորդ համաշխարհային պատերազմի հետ»,- ասել է Թրամփը։
«Դուք անհարգալից եք վերաբերվում մեր երկրին։ Դուք պատերազմը սկսելու պահից եղել եք ոչ շահավետ դիրքում։ Դուք պետք է երախտապարտ լինեք։ Մարդիկ մահանում են, դուք չունեք բավարար զինվորներ։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ես ուզում եմ կամ չեմ ուզում հրադադար»,- ասել է Թրամփը Զելենսկուն։
Բանավեճի ընթացքում ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնի ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանը։
«Կարո՞ղ եք արդյոք ուժի դիրքերից խոսել առանց ԱՄՆ-ի։ Ձեր մարդիկ քաջեր են։ Կա՛մ մենք կնքում ենք այս համաձայնագիրը, կա՛մ դուք դուրս եք մնում համաձայնագրից։ Ես հասկանում եմ, որ դա կլինի դժվար, կոշտ։ Բայց դուք առավելություններ չունեք։ Երբ մենք ստորագրենք համաձայնագիրը, դուք ավելի լավ դիրքում կլինեք։ Բայց պետք է երախտագիտություն ցույց տալ։ Դուք դա չեք անում։ Դա լավ չէ։ Դա բարի չէ ձեր կողմից»,- ասել է Թրամփը Զելենսկուն։
Բաց քննարկումներից հետո Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը:
«Այսօր մենք շատ կարեւոր հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Մենք շատ բաներ իմացանք, որոնք անհնար կլիներ հասկանալ առանց նման ճնշման եւ առանց նման պայմաններում զրույցի։ Զարմանալի է, թե ինչ բաներ են ի հայտ գալիս հույզերի ազդեցությամբ, եւ ես եզրակացրի, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե դրանում ներգրավված է Ամերիկան, քանի որ նա կարծում է, որ մեր մասնակցությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես առավելություն չեմ ուզում, ես ուզում եմ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ նրա սուրբ Օվալաձեւ աշխատասենյակում։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է Թրամփը։
Զելենսկին վաղաժամ լքել է Սպիտակ տունը, իսկ Թրամփի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Reuters գործակալությունը հայտնել է, որ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից նախանշված ժամանակից շուտ։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Fox News-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահը հրապարակային վեճից հետո անգամ «վռնդել» է Զելենսկուն Սպիտակ տնից։
CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թրամփի այլ խորհրդականներ նույնպես եզրակացրել են, որ Զելենսկին պատրաստ չէ բանակցություններին, ուստի ուկրաինական պատվիրակությանը խնդրել են հեռանալ առանց նախաճաշի։
Սպասվում էր, որ բանակցություններից հետո կողմերը պետք է հանդես գային մամուլի ասուլիսով։
Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը ավելոի ուշ հայտնեց, որ չեղարկվել է նաեւ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։ Այս տեղեկությունը հաստատեց Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Բանակցություններից հետո Զելենսկին սոցիալական ցանցերում կատարած գրառումով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին․
«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, կոնգրեսին եւ ամերիկացի ժողովրդին։ Ուկրաինային անհրաժեշտ է արդար ու երկարատեւ խաղաղություն, եւ մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։
Իլոն Մասկը Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո հայտարարել է, որ Զելենսկին «ինքն իրեն կործանեց ամերիկացի ժողովրդի աչքերում»։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը նշել է, որ Թրամփն ու Վենսը ցույց տվեցին, որ «ռուս-ուկրաինական պատերազմում նրանք Ռուսաստանի կողմն են»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ «Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում դաժան հանդիմանություն տվեց Զելենսկուն»։
Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցերում գրել է․ «Սիրելի՛ Վլադիմիր Զելենսկի, սիրելի՛ ուկրաինացի ընկերներ, դուք մենակ չեք»։
Նույն ուղերձով հանդես են եկել նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։