Իսրայելցի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում փորձում են դրական պատկեր ստեղծել Սիրիայի տարածքում ռուսական բազաների պահպանման գաղափարի շուրջ, որը որպես հակակշիռ պետք է ծառայի այդ երկրում թուրքական աճող ազդեցությանը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելը կողմ է Սիրիայի թույլ եւ ապակենտրոնացված մնալուն, քանի որ մտահոգություններ ունի, որ Թուրքիայի եւ իսլամական ռեժիմի դիրքերի ուժեղացման դեպքում Սիրիան կարող է դառնալ ՀԱՄԱՍ-ի եւ այլ արմատական խմբավորումների հենակետ։
Իսրայելի ներկայացուցիչները իրենց դիրքորոշումները փոխանցում են Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում։ Սակայն դեռեւս շարունակում են անհասկանալի մնալ Սիրիայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողությունների ծրագրերը։
Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո։
Սիրիայում դեկտեմբերի սկզբին տապալվեց Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Երկրի իշխանությունը իր ձեռքը վերցրեց «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, իսկ նրա առաջնորդ Ահմեդ ալ-Շարան հայտարարվեց ժամանակավոր նախագահ։
Սիրիայում տեղակայված են երկու ռուսական ռազմաբազաներ՝ Հմեյմիմի ավիաբազան եւ ՌԴ ռազմածովային ուժերի ապահովման կետը Տարտուսում։ ՌԴ-ն բանակցություններ է վարում դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ։ Սիրիայի նոր իշխանությունները Մոսկվային կոչ են արել հաշվի առնել «անցյալի սխալները», վճարել փոխհատուցում, զբաղվել երկրի վերականգնմամբ եւ հանձնել Ռուսաստանում ապաստանած Բաշար ալ-Ասադին։
Սիրիայում իշխանափոխությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը օկուպացրել է երկրի հարավարեւմտյան՝ Գոլանի բարձունքներին հարող բուֆերային գոտին։ Իսրայելը իր գործողությունները փորձում է հիմնավորել Իրանից Լիբանան զենքի մաքսանենգությունը կանխելու, ինչպես նաեւ ահաբեկչական ենթակառուցվածքը ոչնչացնելու անհրաժեշտությամբ։