Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան ստորագրել են 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2,74 միլիարդ եվրո) չափով վարկային համաձայնագիր: Այն նպատակուղղված կլինի Ուկրաինայի պաշտպանունակության աջակցմանը։
Ուկրաինայի ֆինանսների նախարարության փոխանցմամբ` ֆինանսավորումը տրամադրվում է 30 տարով։ Վարկը կսպասարկվի եւ կմարվի ապագայում սառեցված ռուսական ակտիվներից ստացվող եկամուտների հաշվին։
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում նշվում է, որ առաջին փոխանցումը Կիեւը պետք է ստանա արդեն հաջորդ շաբաթվա վերջին։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում նախատեսվում է երեք փոխանցում։
Համաձայնագիրը ստորագրվել է մարտի 1-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սթարմերին եւ նշել, որ միջոցները կուղղվեն Ուկրաինայում զենքի արտադրությանը։ «Սա արդար լուծում է․ պետք է վճարի նա, ով սկսել է պատերազմը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Կիեւին հատկացված միջոցները դարձել են «Extraordinary Revenue Acceleration for Ukraine» (ERA) կոչվող ծրագրի մի մասը։ Այս ծրագրի շրջանակում «Մեծ յոթնյակի» (G7) երկրները Ուկրաինային տրամադրելու են 50 միլիարդ դոլարի արտակարգ վարկեր՝ Արեւմուտքում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներից ստացվող եկամուտների հիման վրա։ Սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը (որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 260 միլիարդ եվրոն) պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում։ Արեւմտյան երկրները բազմիցս քննարկել են այս միջոցների օգտագործման հարցը, սակայն եկել են այն եզրակացության, որ հենց ակտիվների բռնագրավումը իրավաբանորեն անհնար է։
Սթարմերի եւ Զելենսկու հանդիպումը կայացել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ գործարքի բանակցությունների ձախողումից հետո։ Փետրվարի 28-ին` Օվալաձեւ կաբինետում կայացած արարողության ժամանակ, Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ բանավեճ է տեղի ունեցել, որից հետո Ուկրաինայի նախագահը վաղաժամ լքել է Սպիտակ տունը, իսկ գործարքի ստորագրումը չեղարկվել է։