Մարտի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից, Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, հայտնում է Associated Press-ը։ Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար սահմանվում է 25%, իսկ Չինաստանից ներմուծվողների համար՝ 20% մաքսատուրք։
«Սա շատ հզոր զենք է, որը քաղաքական գործիչները չեն օգտագործել, քանի որ նրանք եղել են կա՛մ անազնիվ, կա՛մ հիմար, կա՛մ վճարվող։ Այժմ այն մենք կօգտագործենք»,- ասել է Թրամփը մարտի 3-ին Սպիտակ տանը իր ելույթում:
CNN-ը հայտնում է, որ նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Չինաստանը հայտարարել է պատասխան միջոցների կիրառման մասին։ ԱՄՆ-ից ներկրվող թռչնամսի, ցորենի, եգիպտացորենի եւ բամբակի ներկրման վրա 15% մաքսատուրք կսահմանվի։ Սոյայի, խոզի մսի, տավարի մսի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի եւ կաթնամթերքի ներկրման դեպքում մաքսատուրքը կավելանա 10%-ով։
Մաքսատուրքերը բարձրացնելու ծրագրերի մասին Թրամփը հայտարարեց փետրվարի սկզբին։ Դրան ի պատասխան Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ խոստացավ 21 օրվա ընթացքում բարձրացնել ավելի քան 100 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։
Մեքսիկայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ պատասխան միջոցներ կձեռնարկեն, եթե Թրամփը մաքսատուրքերի պատերազմ սկսի, սակայն հստակ չեն նշել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։