2023 թվականի սեպտեմբերի վերջերին, երբ Արցախի երկու նախկին նախարարներ Կարեն Շահրամանյանը եւ Կարեն Սարգսյանը փորձում են դուրս գալ Ստեփանակերտից, ադրբեջանցիները նրանց կալանավորում եւ տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն: Նույն ժամանակ Հակարիում ձերբակալում են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին եւ պետնախարար Արթուր Հարությունյանին: Նրանց տեղեկացնում են, որ տեղափոխելու են Բաքու:
Այսպես, ադրբեջանական կողմը խախտում է արցախյան կողմի հետ Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունը: Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպմանը եւ դրան հաջորդած շփումների ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է վերջնագիր. հինգ պաշտոնյաների ստանալու դիմաց մյուս Արցախի հայերը կարող են հեռանալ Հայաստանի Հանրապետություն, իսկ նրանց փաստաթղթային ստուգումը Հակարիի կամրջի մոտ հեշտացված կարգով է լինելու: Ահա այդ պայմանավորվածության արդյունքում են նաեւ մի շարք պաշտոնյաներ եւ երեւելի դեմքեր անցել Հակարին, այդ թվում՝ Սամվել Բաբայանը: Պնդումները, թե Բաբայանին չեն ճանաչել, կամ իբր նա դեմքը փոխել է, իրականության հետ կապ չունեն: Ցանկության դեպքում Ադրբեջանը կարող էր նրանց նույնպես ձերբակալել եւ տանել Բաքու:
Բաքվի պահանջած հինգ հոգին էին նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվել էր, Ռուբեն Վարդանյանը՝ ձերբակալվել Հակարիում, մյուս երեքը շարունակում էին մնալ Ստեփանակերտի օդանավակայանում՝ ռուսական խաղաղապահների հոսպիտալում:
Ադրբեջանցիների հետ վերջին բանակցողը՝ Սամվել Շահրամանյանը, կապվում է Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ, որը Շուշիում էր: Հոկտեմբերի 3-ի լույս գիշերը տեղի է ունենում Շահրամանյան-Շիդլինսկի հանդիպում, որի ընթացքում Արցախի վերջին նախագահը ժամանակ է խնդրում՝ մինչեւ հաջորդ օրվա առավոտյան 11-ը:
Ադրբեջանցիները պահանջում էին Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Կամո Վարդանյանին: Մինչեւ Շահրամանյանի պատասխանը ադրբեջանցիները Հակարիում ավելի վաղ ձերբակալված ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին եւ պետնախարար Արթուր Հարությունյանին եւս տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն:
Հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Սամվել Շահրամանյանը այցելում է ռուս խաղաղապահների հոսպիտալում գտնվող Արցախի պաշտոնյաներին եւ ներկայացնում իրավիճակը, այն է՝ եթե նրանք չներկայանան, ապա չորս հոգուն՝ Կարեն Շահրամանյան, Կարեն Սարգսյան, Արարատ Մելքումյան եւ Արթուր Հարությունյան, տեղափոխելու են Բաքու:
Հասկանալի էր նաեւ, որ նրանց Բաքու տեղափոխելուց հետո Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, միեւնույնն է, ձերբակալվելու էին: Ադրբեջանական կողմը ձեւացնում էր, թե իբր չգիտի նախկին նախագահների գտնվելու վայրը:
Ղուկասյանն ու Սահակյանը Շիդլինսկուն միջնորդավորված փոխանցում են, որ իրենք պատրաստ են կամավոր հանձնվելու, բայց առաջարկում են Կամո Վարդանյանին հանել այն հինգհոգանոց ցուցակից, որ պահանջում էր Բաքուն: Ադրբեջանական կողմը, անձամբ Շիդլինսկին, տալիս է իր համաձայնությունը: Ահա այսպես է Արցախի պաշտպանության վերջին նախարարը խուսափել ձերբակալությունից եւ Սամվել Շահրամանյանի, նրա երկու թիկնապահների հետ ժամեր անց ուղղաթիռով Ստեփանակերտից հասել Սիսիանի օդանավակայան:
Հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից հետո ռուս խաղաղապահները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին օդանավակայանից հասցնում են Կարեն Սարգսյանի առանձնատուն եւ, այսպիսով, նրանց փոխանցում Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որոնք շրջափակման տակ էին պահում տարածքը:
Շուշիից Շիդլինսկին իջնում է Ստեփանակերտ եւ առանձին հանդիպումներ ունենում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ: Արցախի նախագահները ժամանակ են խնդրում իրենց կարգի բերելու համար: Նրանց, ինչպես նաեւ խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին առանձին ավտոմեքենաներով տեղափոխում են Բաքու:
Իմ ունեցած տեղեկություններով՝ Դավիթ Իշխանյանը կարող էր հատել Հակարին եւ անցնել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն չի ցանկացել մենակ թողնել Արցախի նախագահներին: Անշուշտ, չպետք է բացառել, որ Իշխանյանը կարող էր ձերբակալվել Հակարիում կամ Ստեփանակերտից դուրս գալու ժամանակ, սակայն հաստատ է մեկ բան՝ Իշխանյանը չի եղել Բաքվի պահանջած ցուցակում:
Ղուկասյանին, Սահակյանին եւ Իշխանյանին Բաքու տեղափոխելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը թույլատրում է, որ Կարեն Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը, Արարատ Մելքումյանը եւ Արթուր Հարությունյանը Ստեփանակերտից դուրս գան եւ Հակարիով հեռանան դեպի Հայաստանի Հանրապետություն:
Ի դեպ, մենք պատրաստ ենք զրուցելու այս հոդվածում նշված բոլոր այն անձանց հետ, ովքեր այսօր Հայաստանում են, եւ լսել նրանց: Մենք պատրաստ ենք նրանց հետ զրուցելու ինչպես off the record, այնպես էլ հրապարակային, որպեսզի հայ ժողովուրդը նաեւ նրանց շուրթերից լսի, թե ինչ է տեղի ունեցել Արցախի հայաթափման վերջին օրերին եւ ժամերին:
Շարունակելի
Այս շարքի մեր նախորդ երեք հրապարակումներն են՝ «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները», «Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան», «Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի ձերբակալության պահանջը դրել է անձամբ Իլհամ Ալիեւը», «Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի ձերբակալությունը Հակարիում»:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։