Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ քննարկել է Իրանի, պատանդների ազատման եւ Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանության վերացման, ինչպես նաեւ Իսրայելին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալ հարցերը։
«Մենք համաձայնության եկանք, որ բոլոր պատանդները պետք է վերադարձվեն, իսկ ՀԱՄԱՍ-ի կառավարումը Գազայում պետք է վերացվի։ Իրանը մնում է տարածաշրջանային անվտանգության ամենամեծ սպառնալիքը, եւ մենք միասին կաշխատենք, որպեսզի թույլ չտանք, որ այն միջուկային զենք ունենա»,- գրել է Կացը X-ի էջում։
Իսրայելի պաշտպանության նախարարը հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Հեգսեթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելին ռազմական օգնության արագացված մատակարարման, աջակցության եւ Իսրայելի անվտանգությանը անսասան հավատարմության համար։