Եվրոպական միությունը կասեցրել է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնության տրամադրման գործընթացը Հունգարիայի առարկությունների պատճառով, հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի նախագծի փաստաթղթին։
Politico-ի եւ Bloomberg-ի դիվանագիտական աղբյուրները դեռեւս փետրվարի 21-ին էին հայտնել, որ այս փաթեթը պետք է ներառեր հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հրետանային արկեր։
Այսօր՝ մարտի 4-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է «Եվրոպայի վերազինման» ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա տարիների ընթացքում Եվրոպայի պաշտպանության համար լրացուցիչ 800 միլիարդ եվրոյի ներդրում։
Բացատրելով այդ միջոցների ապահովման տեսլականը՝ Ֆոն դեր Լայենը նշել է․ «Այսպիսով, եթե անդամ երկրները ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի միջինը 1,5%-ով, ապա դա չորս տարվա ընթացքում կարող է մոտ 650 միլիարդ եվրոյի ֆինանսական տարածք ստեղծել»:
Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակում հանձնաժողովը նաեւ 150 միլիարդ եվրոյի վարկեր կտրամադրի ԵՄ կառավարություններին պաշտպանության համար:
Politico-ի տեղեկություններով՝ Ֆոն դեր Լայենի ծրագրում ներառված է եղել նաեւ Ուկրաինային նոր սպառազինությունների մատակարարման համար 20 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին կետ, սակայն Բուդապեշտը կտրականապես դեմ է արտահայտվել։ Հունգարիայի ներկայացուցիչը վետո է դրել այս դրույթի վրա ԵՄ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել էր ծրագիրը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարվում է ամենա «պրոռուսական» առաջնորդը Եվրամիության երկրների ղեկավարներից։ Պատերազմի ընթացքում նա այցելել է Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մարտի 1-ին Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։
Փետրվարի վերջին Հունգարիան պահանջել է ԵՄ-ի «սեւ ցուցակներից» հանել ութ ռուսաստանցիների, սպառնալով հակառակ դեպքում խափանել ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգումը։