ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Կոնգրեսում։ Այն սկսվել է տեղական ժամանակով 21:18-ին (Մոսկվայի ժամանակով 05:18-ին) եւ տեւել մոտ 100 րոպե։ Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփի ելույթը դարձել է պատմության մեջ ամենաերկարը (2017 թվականին նրա ուղերձը տեւել էր մեկ ժամ)։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Իր խոսքերով` մարտի 4-ին «կարեւոր նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց, որում նա գրել է, որ Կիեւը պատրաստ է «որքան հնարավոր է շուտ նստելու բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Հաջորդիվ Թրամփը մեջբերել է նամակի բովանադակությունը, որում Զելենսկին մասնավորապես ասել է․ «Իմ թիմը եւ ես պատրաստ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար… Մենք իսկապես գնահատում ենք, թե որքան շատ բան է Ամերիկան արել Ուկրաինայի համար՝ իր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու գործում։ Ինչ վերաբերում է օգտակար հանածոների եւ անվտանգության համաձայնագրին, Ուկրաինան պատրաստ է այն ստորագրելու Ձեզ հարմար ցանկացած ժամանակ»։
Շնորհակալություն հայտնելով նամակի համար՝ ԱՄՆ նախագահը հավելեց, որ միեւնույն ժամանակ իր վարչակազմը «լուրջ բանակցություններ» է վարել Ռուսաստանի հետ եւ «հզոր ազդակներ» ստացել, որ Մոսկվայում նույնպես պատրաստ են խաղաղության։
Թրամփի ելույթից դեռ առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, եւ ափսոսանք էր հայտնել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ վեճի համար։
Շարունակելով ուկրաինական հակամարտության թեման՝ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը սկսել է, երբ տեսել է, թե ինչպես է ԱՄՆ-ը իր զորքերը դուրս բերում Աֆղանստանից։ Թրամփը դատապարտեց ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2021 թվականի օգոստոսին իրականացրած զորքերի «քաոսային դուրսբերումը»։
«Երբ Պուտինը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ նա ասաց. «Դե, գուցե սա իմ հնարավորությունն է»։ Ահա թե որքան վատ էր իրավիճակը։ Սա չպետք է տեղի ունենար»,- ասել է Թրամփը՝ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին անվանելով «ծայրահեղ անկարող մարդիկ»։
Associated Press-ի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Թրամփը երդվեց շարունակել իր արշավը՝ ուղղված «արագ եւ անհողդողդ գործողություններին» ԱՄՆ-ի տնտեսության, ներգաղթի եւ արտաքին քաղաքականության փոփոխման համար։
«Ժողովուրդն ընտրել է ինձ՝ այս աշխատանքն անելու համար, եւ ես այն կատարում եմ»,- ասել է Թրամփը։ Ներդրված միջոցների մասին խոսելիս նա նշեց, որ երդմնակալությունից հետո առաջին շաբաթներին ձեռնարկված քայլերը «միայն սկիզբն են»։
ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատրաստվում է բարձրացնելու այլ երկրներից ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը։ Նա նշել է, որ Չինաստանը, Հնդկաստանը եւ Եվրամիությունը պետք է պատրաստ լինեն պատասխան մաքսատուրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին։
«Ինչ էլ որ նրանք գանձեն մեզնից, մենք նույնը կգանձենք նրանցից։ Ինչ մաքսատուրքեր էլ, որ նրանք կիրառեն մեր նկատմամբ, մենք նույնը կկիրառենք նրանց նկատմամբ»,- հայտարարել է Թրամփը։
Մարտի 4-ին Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի դեմ սկսված մաքսատուրքային պատերազմը՝ Թրամփի խոսքով, «Ամերիկան նորից հարուստ կդարձնի», եւ ընկերությունները կսկսեն ավելի շատ արտադրանք արտադրել ԱՄՆ-ում, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր եւ հնարավորություններ։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ առեւտրի նախարար Հովարդ Լյուտնիկը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարող է արդեն մարտի 5-ին հայտարարել Կանադայի եւ Մեքսիկայի հետ նոր առեւտրային համաձայնագրի մասին։
Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է Գրենլանդիան ընդգրկել ԱՄՆ-ի կազմում, սակայն, ըստ նրա, այդ որոշումը պետք է ընդունի հենց Գրենլանդիան։
«Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր իրավունքին՝ ինքնուրույն որոշելու ձեր ապագան, եւ եթե դուք ընտրեք այդ ուղին, մենք ուրախ կլինենք ընդունելու ձեզ ԱՄՆ-ի կազմում։ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային անվտանգության համար, եւ մենք աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ փորձելով այն ձեռք բերել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Ինչպես էլ լինի, մենք այն կստանանք։ Մենք կապահովենք ձեր անվտանգությունը։ Մենք ձեզ կդարձնենք հարուստ։ Եվ միասին մենք Գրենլանդիան կբարձրացնենք այնպիսի բարձունքների, որոնց մասին նախկինում դուք նույնիսկ չէիք էլ պատկերացնի»,- ավելացրեց նա։
Ելույթի ավարտին Թրամփը խոստացավ նաեւ ամերիկյան դրոշը տեղադրել Մարսի վրա։
«Մենք պատրաստվում ենք տանելու մարդկությունը դեպի տիեզերք եւ տեղադրելու Ամերիկայի դրոշը Մարս մոլորակի վրա եւ նույնիսկ նրա սահմաններից էլ այն կողմ»,- ասաց Թրամփը։