Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հնարավոր եռակողմ բանակցությունների հարցը դեռեւս չի քննարկվել, սակայն Կրեմլը դրանց անցկացման լավագույն վայր է համարում Մինսկը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մինսկում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ բանակցություններ կազմակերպելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։
«Այս հարցը չի բարձրացվել եւ ոչ մի կերպ չի քննարկվել։ Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Դա մեր գլխավոր դաշնակիցն է, ուստի սա բանակցությունների համար լավագույն տեղն է»,- փոխանցում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Կրեմլի ներկայացուցչին։
Պեսկովը նաեւ նշել է, որ Կրեմլը «դրական» է վերաբերվում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների պատրաստակամությանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում։
«Հարցն այն է, թե ում հետ նստել [բանակցությունների սեղանի շուրջ]։ Առայժմ շարունակում է գործել Ուկրաինայի նախագահի իրավական արգելքը՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար։ Հետեւաբար ընդհանուր մոտեցումը դրական է, սակայն նրբերանգները դեռեւս չեն փոխվել»,- հավելել է Պեսկովը։
Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման եւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղղությամբ «միասին աշխատելու» որոշում են կայացրել։ Սա ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների առաջին ուղիղ շփումն էր 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո։
Փետրվարի 18-ին էլ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ վարեցին Ռիադում՝ քննարկելով ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը։ Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչներին այդ հանդիպմանը չէին հրավիրել։
Հետագայում՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետները եւս մեկ բանակցային փուլ անցկացրին Ստամբուլում։