Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովի ընթացքում ընդունված հռչակագիրը չի արտացոլում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ստեղծված իրավիճակը, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակում գործեց Իսրայելի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը։
«Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը չի արտացոլում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ստեղծված իրավիճակի իրողությունները եւ արմատավորված է հնացած հայացքներով։ Մասնավորապես, [փաստաթղթում] չկա որեւէ հիշատակում ՀԱՄԱՍ-ի դաժան ահաբեկչական հարձակման մասին, որի հետեւանքով զոհվեցին հազարավոր իսրայելցիներ, հարյուրավոր մարդիկ առեւանգվեցին, եւ չկա որեւէ դատապարտում այս մահաբեր ահաբեկչական կազմակերպության [ՀԱՄԱՍ-ի] նկատմամբ՝ չնայած դրա փաստագրված վայրագություններին եւ այն սպառնալիքին, որն այն ներկայացնում է Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Մարմորշտեյնը։
Նրա խոսքերով՝ «77 տարի շարունակ արաբական երկրները պաղեստինցիներին օգտագործել են որպես Իսրայելի դեմ գործող շախմատային զինվոր՝ նրանց դատապարտելով հավերժական փախստականի կարգավիճակի»։
Մարմորշտեյնը նշել է, որ ԱՊԼ հռչակագիրը «շարունակում է հիմնվել Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊՆՎ) եւ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության (UNRWA) վրա»՝ հավելելով, որ այդ երկու կառույցները բազմիցս են ցույց տվել իրենց կոռումպացվածությունն ու ահաբեկչությանն ուղղված աջակցությունը, ինչպես նաեւ խնդիրները լուծելու անկարողությունը։
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «այժմ, [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարների համաձայն, Գազայի բնակիչները իրենց ազատ կամքի վրա հիմնվելով ընտրություն կատարելու հնարավորություն ունեն» եւ կարող են լքել Գազայի տարածքը։
«Սա պետք է խրախուսել»,- հավելել է նա եւ բողոքել, որ «արաբական երկրները մերժում են այս հնարավորությունը՝ չտալով արդար հնարավորություն եւ շարունակելով անհիմն մեղադրանքներ հնչեցնել Իսրայելի դեմ»։
Նա նաեւ հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա ապակայունացրել է ամբողջ տարածաշրջանը, իսկ Գազայում գործող ահաբեկչական ռեժիմը բացառում է Իսրայելի եւ նրա հարեւանների անվտանգության որեւէ հնարավորություն»։
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ իշխանության։
«Իսրայելը կոչ է անում տարածաշրջանի պատասխանատու երկրներին ազատվել անցյալի սահմանափակումներից եւ համագործակցել՝ տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու համար»,- եզրափակել է իսրայելցի դիվանագետը։