Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը կարող են նպաստել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե բացի հայտարարություններից՝ Կառավարությունն ինչ է անում ՀՀ քաղաքացիների համար, որոնք խոշտանգվում են Բաքվի բանտերում։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է եւ, մեծ հավանականությամբ, նպաստ կբերի Ձեր ասած խնդրի եւ մյուս բոլոր խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հաջորդիվ հավելեց, որ բացի հայտարարություններից՝ Երեւանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, քանի որ Կառավարությունում կարծում են, «խաղաղության մթնոլորտն է» այն գործողությունը, որը կարող է լուծել գերիների խնդիրը:
Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից համաձայնեցված չեն երկուսը, որոնք վերաբերում են միջպետական սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայմանը եւ միջազգային ատյաններից փոխադարձ հայցերի հետկանչմանը։