Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղերձ է հղել, որտեղ նշել է, որ Ռուսաստանը դարձել է սպառնալիք ամբողջ Եվրոպայի համար։
Մակրոնը իր ելույթը բացատրել է «միջազգային իրավիճակով», որը, ըստ նրա, ֆրանսիացիներին «հիմնավորված անհանգստացնում է»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը «փոխել է իր դիրքորոշումը» Ուկրաինայի պատերազմի հարցում եւ նախատեսում է մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա։
«Մենք մտնում ենք նոր դարաշրջան»,- հայտարարել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայում ընթացող պատերազմը վերածել է «գլոբալ հակամարտության»՝ օգտագործելով հյուսիսկորեական զինվորների եւ իրանական ռազմական տեխնիկա։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական կարողությունները։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով Եվրոպան պետք է պատրաստ լինի այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ը «գուցե մեր կողմից չլինի»։
«Ո՞վ կհավատա, որ Ռուսաստանը կանգ կառնի Ուկրաինայում։ […] Ռուսաստանը դարձել է սպառնալիք Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար։ […] Իրականությունն այն է, ինչ ես նկարագրում եմ, եւ մենք պետք է դրա հետ գործ ունենանք։ Եվ դեպի խաղաղություն տանող ուղին չի կարող լինել առանց Ուկրաինայի։ Խաղաղությունը չի կարող հաստատվել Ուկրաինայի կապիտուլյացիայի միջոցով։ Մենք չենք կարող մոռանալ, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժեց դեռեւս 2014 թվականին։ Մենք բանակցել էինք Մինսկում զինադադարի շուրջ»,- հայտարարել է Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի շահերից է բխում եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցելը։ Իր խոսքերով՝ հաջորդ շաբաթ հանդիպում կունենա այն երկրների ղեկավարների հետ, որոնք ցանկանում են մասնակցել «ամուր խաղաղության» ստեղծմանը։ Նախագահի խոսքերով՝ այս ծրագիրը Ֆրանսիան պատրաստել է Ուկրաինայի եւ այլ եվրոպացի գործընկերների հետ։
«Անկախ նրանից՝ Ուկրաինայում խաղաղությունը արագ կհաստատվի, թե ոչ, եվրոպական երկրները պետք է կարողանան ավելի լավ պաշտպանել իրենց։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր պաշտպանությունը։ Այս առումով մենք մնում ենք հավատարիմ ՆԱՏՕ-ին, սակայն պետք է ամրապնդենք մեր անկախությունը։ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում եւ Մոսկվայում»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը նաեւ հայտնել է, որ որոշել է սկսել քննարկումներ «եվրոպացի դաշնակիցների հետ՝ կապված միջուկային զսպման հետ»։
«Ինչ էլ որ լինի, որոշումը միշտ կընդունվի եւ կմնա նախագահի՝ զինված ուժերի գերագույն հրամանատարի ձեռքում»,- հայտարարել է նա։
«Մենք ունենք Եվրոպայի ամենաարդյունավետ բանակը, […] եւ մենք ունենք միջուկային զսպման հնարավորություններ։ Սա մեզ պաշտպանում է շատ ավելի լավ, քան մեր հարեւաններին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մարտի 3-ին Մակրոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագիր են մշակել։ Դրա համաձայն՝ առաջարկվում է մեկ ամսով օդում եւ ծովում սահմանափակ հրադադար հաստատել, որը չի տարածվի ցամաքային մարտական գործողությունների վրա։ Ծրագրի երկրորդ մասով արդեն նախատեսվում է եվրոպական երկրների կողմից Ուկրաինա խաղաղապահ զորախումբ ուղարկել, սակայն դա պետք է տեղի ունենա միայն ավելի ուշ փուլում։