Ուկրաինային օգնելով՝ ԱՄՆ-ը «պրոքսի պատերազմ» է վարում Ռուսաստանի դեմ։ Այսպիսի հայտարարություն հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։
«Սկզբից եւեթ պարզ էր, որ նախագահ Թրամփը սա համարում է երկարատեւ, փակուղային հակամարտություն։ Եվ, անկեղծ ասած, սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որը աջակցում է Ուկրաինային, եւ Ռուսաստանի միջեւ, եւ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության մասին հարցին։
Ռուբիոն հավելել է, որ «ոչ ոք չունի որեւէ հստակ գաղափար կամ ծրագիր», թե ինչպես կարելի է վերջ դնել պատերազմին։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմը «որոշակի առաջընթաց է գրանցել», սակայն չկան որեւէ նշաններ, որ Ռուսաստանը հաղթում է, ինչի պատճառով հակամարտությունը փակուղի է մտել։
«Նախագահն [Դոնալդ Թրամփը] այստեղ փորձում է պարզել՝ արդյոք խաղաղության հասնելու ուղի կա։ Մենք պետք է երկխոսություն վարենք երկու կողմերի՝ ռուսների եւ ուկրաինացիների հետ»,- նշել է Ռուբիոն։
«Պրոքսի պատերազմ» տերմինը վերջին երեք տարիների ընթացքում ակտիվորեն օգտագործվում է ռուս պաշտոնյաների եւ պետական ԶԼՄ-ների կողմից։ Օրինակ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռեւս 2022 թվականի գարնանն էր խոսել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից մղվող «պրոքսի պատերազմի» մասին։ 2022 թվականի մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույնպես հայտարարել էր «Կոլեկտիվ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ տարվող պրոքսի պատերազմի» մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է օգտագործել «Արեւմուտքը պատերազմում է ուկրաինացիների ձեռքով» արտահայտությունը, սակայն լրատվամիջոցները նրա խոսքերը հաճախ ներկայացրել են որպես «Արեւմուտքի պրոքսի պատերազմի վարում»։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի համաձայնել Լավրովի «պրոքսի պատերազմ» ձեւակերպմանը՝ պնդելով, որ Ուկրաինան պարզապես պաշտպանում է իրեն ներխուժումից։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նույնպես հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ։