Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը։
«Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական եւ մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաեւ իրավագիտական կրթության զարգացմանը»,- գրել է Կիրակոսյանը։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի վարչապետին, պետական համակարգի բոլոր գործընկերներին, ինչպես նաեւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին՝ հույս հայտնելով, որ այն «կշարունակի պատշաճ եւ արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական եւ արբիտրաժային գործընթացների շրջանակներում»։
2018 թվականից Եղիշե Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում ներկայացնում էր Բաքվի դեմ Երեւանի հայցերը:
Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Երեւանը պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հայցերը:
«Եթե մենք տեսնում ենք, որ իսկապես հասնում ենք խաղաղության եւ պայմանագիր ենք կնքում, կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյա ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր չպետք է ներկայացնենք եւ պետք է հրաժարվենք հայցերից փոխադարձաբար»,- հարցազրույցի ընթացքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից համաձայնեցված չէ 2-ը, որոնք վերաբերում են միջպետական սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելուն եւ միջազգային ատյաններից հայցերի հետ կանչելուն։
Արցախի դեմ 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո Հայաստանը չորս միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, եւ մեկը՝ Հաագայի արդարադատության դատարան։