Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը չպետք է որոշվի միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից։ Այդ մասին հայտարարել է եվրոպական հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լու Շաեն։ Նա հանդես է եկել Պեկինում ՉԺՀ Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի ամենամյա նիստի շրջանակում անցկացված քննարկման ընթացքում։ Դիվանագետի խոսքերը փոխանցում է South China Morning Post-ը։
Լու Շաեն բացատրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններ վարում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, սակայն ցանկացած լուծում՝ ուղղված խաղաղության հաստատմանը, պետք է ներառի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը, այդ թվում՝ եվրոպական երկրների։
«Առաջարկված տարատեսակ լուծումները պետք է քննարկվեն հավասար պայմաններում եւ չպետք է պարտադրվեն ընտրյալների նեղ շրջանակի կողմից»,– հայտարարել է բանագնացը։
Լու Շաեն նաեւ նշել է, որ ցնցված է եվրոպական դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքից, քանի որ նման կերպ Սպիտակ տունը «Եվրոպայի նկատմամբ վարում է ամբարտավան եւ գերիշխող քաղաքականություն»։
«Եվրոպացի ընկերները պետք է մտածեն այս մասին եւ համեմատեն Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Չինաստանի կառավարության քաղաքականության հետ։ Նրանք կտեսնեն, որ Չինաստանի դիվանագիտական մոտեցումը շեշտը դնում է խաղաղության, բարեկամության, բարեհաճության եւ փոխշահավետ համագործակցության վրա»,- ընդգծել է չինացի բանագնացը։
Լու Շաեն հայտնի է մի շարք սկանդալային հայտարարություններով։ Մասնավորապես, 2023 թվականի ապրիլին, երբ նա Ֆրանսիայում զբաղեցնում էր Չինաստանի դեսպանի պաշտոնը, ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բռնակցված Ղրիմը «սկզբնապես եղել է ռուսական», սակայն հետագայում փոխանցվել է Ուկրաինային Նիկիտա Խրուշչովի կողմից, որը 1954 թվականին հԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն էր։
Նույն հարցազրույցում Լու Շաեն հայտարարել էր, որ նախկին Խորհրդային Միության երկրները գործող միջազգային իրավունքով չունեն կարգավիճակ, քանի որ «չկա որեւէ միջազգային համաձայնագիր, որը հստակեցնում է նրանց կարգավիճակը որպես ինքնիշխան պետություններ»։
Մինչդեռ նման համաձայնագիր անհրաժեշտ չէ, քանի որ նախկին խորհրդային հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուց հետո հռչակել են իրենց ինքնիշխանությունը, ճանաչվել այլ պետությունների կողմից եւ ընդունվել ՄԱԿ-ի կազմ։