ՀՅԴ հերթական Ընդհանուր ժողովն ավարտվել է, ընտրվել է Բյուրոյի նոր կազմ, որտեղ ներկայացված են Դաշնակցության Հայաստանի, Իրանի, Լիբանանի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների կառույցները: Նախընթաց երկու շրջափուլում ՀՅԴ Բյուրոյի կազմում ներկայացուցիչ է ունեցել նաեւ Արցախի կառույցը՝ ի դեմս Գեորգի Պետրոսյանի, ապա՝ Դավիթ Իշխանյանի:
Երբ 2023 թվականի օգոստոսի 8-ին Դավիթ Իշխանյանը երեք խմբակցությունների քսաներկու քվեով ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Հայաստանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորներից մեկը բացահայտեց, որ այդ պատասխանատվությունը նա ստանձնել է ՀՅԴ Բյուրոյի համաձայնությամբ եւ փաստացի Ստեփանակերտում ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Դաշնակցության մոտեցումները:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առեւանգվել եւ տեղափոխվել է Բաքու, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված: Մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում է «դատավարություն», տարածվում են տեսանյութեր եւ լուսանկարներ:
Հնարավոր է՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովում Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների եւ ռազմագերիներին հարցը քննարկվել է, բայց այդ մասին Դաշնակցությունը գերադասում է լռել: Բայց փաստ է, որ Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտից առեւանգվել է ՀՅԴ Բյուրոյի անդամի կարգավիճակով: Իսկ Ընդհանուր ժողովը, պարզվում է, նրա վերընտրությունը նպատակահարմար չի տեսել:
Քաղաքական պրակտիկայում ընդունված է, որ կուսակցությունը նախ պաշտպանության տակ է առնում իր անդամներին, որ ենթարկվում են հալածանքների եւ բռնությունների, անազատության կամ թշնամական գերության մեջ են: Որպես կանոն, այդ մարդիկ հեռակա կարգով տվյալ կուսակցության ղեկավար մարմիններում ընտրվում են, ինչը համարվում է համերաշխության եւ բարոյական աջակցության առհավատչյա: Դավիթ Իշխանյանի դեպքում ՀՅԴ-ն այդ ավանդույթը խախտել է:
Չի բացառվում, իհարկե, որ Դաշնակցությունը տվյալ դեպքում առաջնորդվել է «մի՛ վնասիր» սկզբունքով: Այսինքն՝ ՀՅԴ վերնախավը համարել է, որ Բյուրոյի կազմում Դավիթ Իշխանյանի վերընտրությունը կարող է նրա բանտային վիճակն ավելի բարդացնել, նրա նկատմամբ բարոյական, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների սաստկացման առիթ տալ:
Բայց այդ դեպքում ՀՅԴ-ն պետք է դադարեցնի այդ հարցով գործող իշխանության քննադատությունը, որովհետեւ, որքանով հասկացվում է ՔՊ պատասխանատուների խոսույթից, կառավարությունը հրապարակային գնահատականներ չի հնչեցնում՝ առաջնորդվելով պատանդառվածներին եւ ռազմագերիներին չվնասելու սկզբունքով: ՀՅԴ-ն հայկական կուսակցություններից միջազգայնորեն, երեւի, ամենաճանաչվածն է, Սոցինտերնի անդամ է, կառույցներ ունի, ինչպես Բյուրոյի անդամների կազմն է վկայում, Միացյլալ Նահանգներում, Կանադայում եւ Ֆրանսիայում, Իրանում եւ Լիբանանում:
Այս եւ այլ ռեսուրսների առկայությամբ, թվում է, ՀՅԴ-ն պետք է Բյուրոյի նախկին անդամ Դավիթ Իշխանյանի հարցով որեւէ որոշում ընդուներ: Բացառված չէ, որ պատանդների եւ ռազմագերիների հարցով հայտարարություն տարածի ՀՅԴ նորընտիր Բյուրոն, որի ներկայացուցիչ է ընտրվել «Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ցանկացած կուսակցություն «խոհանոցային գաղտնիքներ» ունի, ՀՅԴ-ն՝ առավել եւս: Նրա որոշումների մեծ մասը նույնիսկ շարքային անդամներին լիովին հասանելի չէ: Այդուհանդերձ, արտառոց է նաեւ, որ Ընդհանուր ժողովը խախտել է վերջին տարիների ավանդույթը եւ Բյուրոյի կազմում Արցախի կառույցից ներկայացուցիչ չի ընտրել: Գուցե դա՞ էլ է արվել «մի՛ վնասիր» սկզբունքով: Բարդ է կողմնորոշվել:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։